Մենք քաղքենիների ու գեղցիների համար թամաշայի վերածելու երկիր չունենք
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը կրկին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ պատասխանելով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին:
Նա գրել է.
«Այսօր վերընթերցում էի երեկվա իմ գրառմանն ի պատասխան ներկայացված տեսակետերն ու կարծիքները: Կարող եմ ասել, որ արձագանքները 40-60 հարաբերակցությամբ հօգուտ Արայիկ Հարությունյանի ու Հովհաննես Հովհաննիսյանի էին: Բայց պարտության դառնությունը չէ որ պատեց ինձ, այլ սոսկումի այն զգացումը, որ ընդդիմախոսների այդ 60-ի ավելի քան 80 տոկոսը փաստարկման հիմնական ձև ու եղանակ ընտրել էր փողոցային ամենավերջին հայհոյախոսությունները, լուտանքներն ու անեծքի ժանրը: Ու մի պահ պատկերացրեցի, որ հենց այս վիրտուալ խառնամբոխը մոտ ապագայում կարող է դառնալ թելադրող ու պահանջող գերակա այն գործոնը, որի առկայության պարագայում իշխանության եկած ցանկացած նոր ուժ պարտավորված կզգա բավարարելու ու հարգելու «հաց ու զվարճանքներ» պահանջողների կարիքները:
Պարո´ն Փաշինյան,
Իր բնույթով աննախադեպ ու պատմական ժողովրդական շարժման ու Նոր Հայաստանի կերտման հենքը սրանք չէ որ պիտի կազմեն: Այս պահին Դուք պատմություն կերտողի կարգավիճակ ու հեղինակություն ունեք և քչերը կարող են հերքել կամ ժխտել դա: Օգտագործե´ք պատմական այս բախտորոշ ու կարճաժամկետ պահը, բացառելու համար այս զանգվածի տիրապետող դիրքեր գրավելու և որպես թելադրող ուժ հանդես գալու հեռանկարը: Վստահ եմ, որ կանխազգում եք այս վտանգը, որը կործանարար հետևանքներ կարող է ունենալ բոլորիս համար: Հակառակ պարագայում կգա ոչ թե ոգու սով, այլ սովյալ ոգիների խրախճանքների ժամանակը…
Մեր պետականության ու հասարակության համար մեծագույն շքեղություն կլինի նոր բաժանարար գծերի քաշումը: Արտագաղթի արդյունքում արնաքամ եղած ու վտանգված մեր պետությունը բավական մարդկային ռեսուրսներ չունի, որպեսզի «յուրային-ոչ յուրային» հայտնի սխեմայով մերժենք սրան կամ նրան, այսինչի կամ այնինչի պատճառով: Որպես փորձառու քաղաքական գործիչ, կարծում եմ, որ Ձեր քաղաքական գիծը տանելիս կգտնեք այն ոսկե միջինը, որի արդյունքում պետության շենացման ու հզորացման գործին կլծվեն մեր երկրի բոլոր կարող ուժերը: Արդյունքում կշահենք բոլորս, վստահեցնում եմ Ձեզ…
Մենք քաղքենիների ու գեղցիների համար թամաշայի վերածելու երկիր չունենք»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին վրդովվեցրել էր այն, որ իր բացակայության ընթացքում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյաը մտել էին իր աշխատասենյակ: