28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երևանի ծայրամասերը երթուղայիններով չե՞ն սպասարկվի

ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն առաջարկում է, որ պետությունը դոտացիա տրամադրի Երևանի ներքաղաքային փոխադրումներ իրականացնող ընկերություններին։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հիշեցրեց, որ 2013 թվականին քաղաքապետարանը փորձ արեց օգնելու ներքաղաքային փոխադրողներին՝ իրենց ֆինանսական վիճակը կարգավորելու, սակայն դա անհաջողությամբ պսակվեց, որովհետև ժողովուրդն ի վիճակի չէր վճարել 150 դրամ։

 

Նա ասաց, որ իրենք դրանից հետո փորձել են տարբեր ճանապարհներով դիմել, որ պետությունը դոտացիա տա, այսինքն՝ լրավճար կատարի, սակայն՝ ապարդյուն։

Եղիազարյանը նշեց, որ տարիներ առաջ արտասահմանից եկած փորձագետները հաշվարկեցին այն ուղեվարձը, որով պետք է աշխատեն ներքաղաքային փոխադրողները, ու պարզվեց, որ ներքաղաքային միկրոավտոբուսներով փոխադրողների համար պետք էր 152 դրամ, գազով աշխատող ավտոբուսների համար՝ 202 դրամ, իսկ դիզվառելիքով աշխատող ավտոբուսների համար՝ 257 դրամ։ Նրա խոսքով՝ այս թվերը քաղաքապետարանն ունի, սակայն ոչ մի գործողություն չի արել այդ ուղղությամբ։

«Եկել է ժամանակը, որ պետք է լուրջ գործողություններ կատարեն, որովհետև առջևում սեպտեմբերի 1-ն է։ Սեպտեմբերի 1-ին շատ մեծ խնդիրներ են առաջանալու մեզ համար այն իմաստով, որ վերադառնալու են և՛ ուսանողները, և՛ աշակերտները, և՛ հանգստի մեկնածները»,- նշեց   նա։

Նա բացատրեց, որ, երբ փոխադրող ընկերությունների ղեկավարները՝ գծատերերը, իրենց հասույթի պարտադիր բաղադրիչները վճարում են՝ հարկերը, ապահովագրությունը, երթուղու սպասարկման գումարը, շատ քիչ գումար է մնում, որ երթուղայինները նորոգեն.

«Եթե նախկին երկու տարվա մեջ 6 երթուղի փակվել էր, քաղաքապետարանը սպասարկող երթուղու հետագիծը փոխում էր, մի երեք կանգառ ավելացնում էր այս կողմից, մի երեք կանգառ էլ՝ մյուս կողմից, ինչ-որ ձևով կարկատան էր անում։ Հիմա արդեն կարկատանն էլ չի օգնում։ 2013 թվականից մինչև այսօր մեր ընկերություններից մոտ 6-ը փակվել է, մենք ունենք մի քանի դատված ընկերություն, որոնք սնանկ են ճանաչվել, դատվել, ցավոք սրտի, ունենք մարդ, որն իր կյանքին վերջ է տվել»։

Եղիազարյանի խոսքով՝ թավշյա հեղափոխությունից հետո իրենք նամակ են գրել վարչապետին.

«Սպասում ենք, որ կա՛մ կընդունի, կա՛մ ինչ-որ ձևով կարձագանքի։ Մենք առաջարկում ենք, որ իշխանությունները դոտացիա տան, լրավճարում կատարեն մեր աշխատանքին։ Մեծ հաշվով, քաղաքապետարանի այսօրվա գործող իշխանությունները պատրաստվում են՝ այս տարվա վերջին, եկող տարվա սկզբին ներդնել նոր երթուղային ցանց և նոր շարժակազմեր։ Բայց ես մի անգամ ասել եմ՝ մինչև առուն ջուր գա, գորտի աչքն էլ դուրս կգա։ Այսինքն՝ այն մարդիկ, որոնք այսքան տարի, լավ թե վատ, սպասարկել են քաղաքը, նրանք չեն հասնելու մինչև այդ օրվան, ուրեմն՝ մենք այսօր ունենք քաղաքացիներ, որոնք A կետից B կետը գնում են C կետի միջոցով՝ վճարելով 200 դրամ։ Դրանց թիվը 50 հազարն անցել է, նրանք այն նույն քաղաքացիներն են, որոնք 150 դրամ չէին ուզում տային»։

Նրա կարծիքով՝ քանի դեռ կա այս շարժակազմը և այս երթուղային ցանցը, կան լուրջ խնդիրներ, որ կարող է մինչև տարեվերջ չհասնեն.

«Կսկսեն արդեն որոշ տարածքներ չսպասարկել, որոնցից մեկը, օրինակ, Սարի թաղն է, քաղաքի ծայրակետերը, այսինքն՝ կունենանք մի քանի գույնի մարդիկ. մարդիկ, որոնք ապրում են քաղաքի կենտրոնական հատվածում և սպասարկվում են տրանսպորտի բոլոր տեսակներով, և քաղաքացիներ, որոնք իրենց ճանապարհի մեծ մասը կքայլեն»։

 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ