Կառավարության ավտոպարկի ամենաթանկարժեք եւ ծախսատար ամենագնացները՝ փոխվարչապետներին. Հրապարակ
Նիկոլ Փաշինյանի կառավարության անդրանիկ նիստում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հնչեղ հայտարարություն արեց՝ իր գրասենյակին հատկացված 5 մեքենաներից երեքից ինքը հրաժարվել է, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հրաժարվել է իր գրասենյակին հատկացված 4 մեքենաներից երկուսից: Սա, իհարկե, հասարակության կողմից ընկալվեց բյուջեի խնայողության տեսանկյունից ու արժանացավ ծափահարությունների: Փոխարենը՝ քննադատությունների արժանացավ դրան հաջորդած մեր այն հոդվածը, որ ՀՀ երեք փոխվարչապետները, այդ թվում՝ Արարատ Միրզոյանը, մեքենաների կրճատմանը զուգահեռ ընտրել են, իրականում, կառավարության ավտոպարկի ամենաթանկարժեք ու ծախսատար մեքենաները: Օրինակ՝ Միրզոյանն իր համար որպես ծառայողական մեքենա ընտրել է նախկինում Վաչե Գաբրիելյանին և Արմեն Գևորգյանին սպասարկած Toyota Land Cruiser 200 աժդահա ամենագնացը:
Ավինյանը՝ կրկին թանկարժեք ու բարձր դասի Mercedes S-Class ներկայացուցչական սեդանը, իսկ ԲՀԿ-ի քվոտայով նշանակված փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին էլ սպասարկում է նախկինում վարչապետներին սպասարկած BMW 750 Li կրկին թանկարժեք ներկայացուցչական սեդանը:
Միրզոյանի և Ավինյանի գրասենյակներում այդպես էլ չգտնվեց կոմպետենտ մեկը, որը մեզ կբացատրեր, թե ինչու են փոխվարչապետներն ընտրել հենց այդ մեքենաները, որոնք կառավարության ավտոպարկի ամենաշքեղ ու թանկարժեք մեքենաներն են: Ինչով են այս մեքենաները տեղավորվում բյուջեի միջոցների տնտեսման իրենց որդեգրած քաղաքականության մեջ: Մհեր Գրիգորյանի գրասենյակում դեռևս որևէ մեկը չի հայտնվել, որ կաշխատի մամուլի հետ: Կառավարությունում էլ չգտնվեց կոմպետենտ մեկը, որը մեզ ներկայացներ այն մեքենաները, որոնցից հրաժարվել են փոխվարչապետները: Բոլորն ուղղորդում էին աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանի մոտ, ում հետ կապի դուրս գալը մեծ ջանքեր պահանջեց, բայց ստացվեց:
Աղաջանյանը նախ սկզբում մեզնից տեղեկացավ, թե Միրզոյանը կառավարության նիստում ինչ հայտարարություն է արել և քանի մեքենայից է հրաժարվել: Նա գիտեր, թե երեքն է եղել, երկուսից է հրաժարվել, մինչդեռ Միրզոյանը հինգից երեքից հրաժարվելու մասին է ասել: «Էդ պարոն Միրզոյանն ա հայտարարել… երևի ավելի ճիշտ կլինի իրենից հարցնել: Աշխատակազմի ղեկավարը որոշումներ է կայացնում, թե քանի ավտոմեքենա ում պետք է հասնի՝ հիմնվելով նաև նախկին փորձերի վրա:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: