24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ե՞րբ տեղի կունենան ԱԺ ընտրությունները

«Այսօր հիմնականում խոսել ենք նախընտրական քարոզչությանը վերաբերող կարգավորումների մասին, եւ ասեմ՝ բավականին աշխույժ, բուռն քննարկումներ ենք ունեցել զանազան կարգավորումների վերաբերյալ՝ փաստարկներով եւ հակափաստարկներով լեցուն»: Այս մասին ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ կառավարության նիստերի դահլիճում իր գլխավորությամբ ընթացած՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգերի եւ օրենսդրական նախագծերի վերաբերյալ քննարկումից հետո տրված մամուլի ասուլիսում:

Քննարկմանը մասնակցում էին ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը եւ այլք:

Ասուլիսի ժամանակ լրագրողների հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը մի քանի անգամ շեշտեց, որ ԱԺ արտահերթ ընտրությունները լինելու են մեկ տարվա ընթացքում՝ որեւէ հստակ ժամանակ չնշելով:

«Մենք աչքկապոցի չենք անելու, թույլ չենք տալու անել քարոզչություն ընտրակաշառքի տեսքով եւ անունը դնել բարեգործություն, այդպիսի բան այլեւս չի կարող լինել նոր Հայաստանում»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց նա:

«Այս պահին ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ երկու մոտեցում է շրջանառվում՝ ունենալ ամբողջովին մաքուր համամասնական ընտրակարգ եւ ունենալ խառը ընտրական համակարգ, որը համամասնականն է, բայց ողջ երկիրը մեկ ընտրատեղամասի տրամաբանությամբ՝ ռեյտինգայինով: Այսինքն՝ երբ մի համամասնական ցուցակ կա, բայց քաղաքացին կարող է այդ ցուցակում վերադասավորումներ անել իր քվեով։ Երկուսն էլ դեռ շրջանառվող վարկածներ են, որեւէ որոշում չկա»,- ասաց փոխվարչապետը:

Նա նաեւ նշեց, որ որոշակի փուլից հետո, երբ ընտրական օրենսդրության բարեփոխման կառավարության հանձնաժողովը կունենա հայեցակարգ, կհանդիպեն խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի հետ եւ կկազմակերպեն հանրային քննարկումներ։

Միրզոյանի խոսքով՝ ընտրական օրենսդրության բարեփոխումների խորհրդարանական ձեւաչափը սպասելու է կառավարական հանձնաժողովի առաջարկին:

Ըստ փոխվարչապետ Միրզոյանի՝ իրենց նպատակն է ունենալ ոչ թե օրենսդրական բարեփոխումներ եւ արդյունքում ունենալ մեկ Ընտրական օրենսգիրք, այլ ունենալ այնպիսի օրենսգիրք, որով հնարավոր կլինի անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնց արդար եւ ժողովրդավար լինելը կասկած չի առաջացնի հանրության մոտ։

«Կար 2 տարբերակ՝ դնել առավելագույնս կարճ ժամկետներ, այդ կարճ ժամկետներում ինչ հնարավոր է փոխել, եւ գնալ կարճ ժամանակում ընտրություններ անելու, եւ կար մի տարբերակ՝ անել ինչ-որ բան՝ հիմնավոր։ Մենք գնում ենք 2-րդ տարբերակով։ Ժամկետային սահմանափակումներ մեր առջեւ չենք դրել՝ հաշվի առնելով ընդհանուր ժամկետային սահմանափակումը, որը դրված է Կառավարության ծրագրում»։

Միրզոյանը նշեց, որ փոփոխությունները Վենետիկի հանձնաժողով անպայման անցնելու են: Ասուլիսին ներկա էր նաեւ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար Դանիել Իոաննիսյանը: Անդրադառնալով այս խնդրին՝ վերջինս ասաց, որ կոռեկտ չի համարում պատմել, թե ինչ է քննարկվել Վենետիկի հանձնաժողովում, քանի որ այդ քննարկումները հրապարակային չեն:

«Սակայն պետք է ասեմ, որ Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի վերաբերյալ քննարկումներ եղել են: Շատ կարեւոր է, թե որքանով են այդ հանձնաժողովի մոտեցումները տեղ գտնելու Ընտրական օրենսգրքում: Մենք գիտենք, որ նախորդ անգամ օրենսգիրքն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, սակայն բազմաթիվ խորհուրդներ այդպես էլ տեղ չեն գտել դրանում»,- ասաց Իոաննիսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ