Բոյկոտենք կարմիր գծերը և այլևս չվճարենք դրանց համար
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները կոչ են անում ՀՀ քաղաքացիներին բոյկոտել կարմիր գծերը և այլևս չվճարել դրանց համար:
Ինչպես հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց Արսեն Պետրոսյանը, կարմիր գծերն այլևս տեղ չպետք է ունենան նոր Հայաստանում:
Ըստ նրա՝ հասարակական տարածքները պետք է վարորդների համար առանց լրացուցիչ վճարների ծառայեն որպես ավտոկայանատեղիներ, քանի որ վարորդներն առանց այդ էլ վճարում են մեքենայի գույքահարկ և տեխզննման հարկ:
«Արդեն չորս տարի է, ինչ կազմավորվել է մեր նախաձեռնությունը. Մեր պայքարի սկզբունքային նպատակներից էր կարմիր գծերի վերացումը ՀՀ-ում և, մասնավորապես, Երևանում, որովհետև մենք սա դիտարկում ենք անօրինական հարկատեսակ՝ դրված ավտոսեփականատերերի և վարորդների վրա»,- փաստեց Պետրոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ նոր վարչապետն իրենց դիմումին ընթացք կտա :
Իր հերթին Արմեն Եփրեմյանը տեղեկացրեց, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անունից պատրաստվում են ՀՀ վարչապետին ուղղված դիմում ներկայացնել, որի առաջին կետը վերաբերում է կարմիր գծերը վերացնելու մասին իրենց պահանջին:
Նրա խոսքերով՝ նոր Հայաստանում այժմ բարեփոխումների ակտիվ ընթացք է, ինչն իրենց թույլ է տալիս անդրադառնալ նախկինում բարձրաձայնած պահանջներին կապված կարմիր գծերի վերացման և դրանց պատճառով քաղաքացիների վրա եկած տույժ-տուգանքների համաներման հետ:
Վերջինիս գնահատմամբ՝ կարմիր գծերը հակասահամադրական են, հակաիրավական և ոչ օրինաչափ:
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամն առաջարկեց կարմիր գծերին ավելացնել կապույտը և ծիրանագույնը՝ այդպիսով այդ գծերն իսկապես դարձնելով պետության բացառիկ սեփականություն և հանրային ավճար օգտագործման տարածք:
Բանախոսների պնդմամբ՝ իրենք բողոքի նոր ալիք են բարձրացնում և պատրաստ են պայքարել այնքան ժամանակ մինչև կվերանան կարմիր գծերը: