Փաշինյանը խոսել է իր և Պուտինի հարաբերությունների մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձևավորվել են ազնիվ, ուղիղ հարաբերություններ: ՀՀ վարչապետն այս մասին ասել է «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հրավերով ՌԴ աշխատանքային այցի արդյունքներին:
«Մեզ մոտ ձևավորվել են ազնիվ, ուղիղ հարաբերություններ: Կարծում եմ, որ դա շատ լավ է: Մենք ուղիղ, ազնիվ կերպով քննարկում ենք ունեցել, և ես կարծում եմ, որ շատ լավ ենք հասկանում միմյանց: Այդ ուղղակիությունը շատ է օգնում և օգնել, որ այսքան կարճ ժամանակում մենք հասել ենք շատ լավ և վստահելի մակարդակի»,- ասել է Փաշինյանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն հասցրել են երկու անգամ հանդիպել: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Սոչիում մայիսի 14-ին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում , իսկ երկրորդ հանդիպումը՝ հունիսի 14-ին Մոսկվայում: Հունիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա, հանդիպում ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այնուհետև Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում մասնակցել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու հետևել առաջնության առաջին խաղին: