Երանի ողջ աշխարհը կարողանար ձեզ ունկնդրել … “Հայաստանի փոքրիկ երգիչները վերադարձան Ճապոնիայից
Տիգրան Հեքեքյանի ղեկավարած “Հայաստանի Փոքրիկ Երգիչներ” երգչախումբն օրերս եզրափակեց իր 40-նօրյա համերգային փայլուն շրջագայությունը Ճապոնիայի 18 քաղաքներում և վերադարձել է հայրենիք:
Համերգաշարը նվիրված էր հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների 20, հայ գրատպության 500 – ամյակներին, ինչպես նաև Յունեսկոյի կողմից Երևանը` 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն: Հրավերը ստացվել էր ճապոնական հայտնի “Մին Օն” կազմակերպության կողմից, որն էլ 1 մլն դոլար է տրամադրել հայ երեխաների 40-օրյա կեցության ծախսերի համար:
Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում նշեց Տիգրան Հեքեյանը, հավելելով, որ տարեկան կազմակերպվող շուրջ 1000 համերգների թվում ընդգրկվում են արտերկրից եկող միայն այն երաժիշտներին ու խմբերին, որոնք ունեն միջազգային ճանաչում և կարգով բարձր են ճապոնական նմանատիպ կատարողներից: Փոքրիկ երգիչները ճապոնացի խստապահանջ հանդիսատեսին են ներկայացրել 6 ճապոնական երգ եւ հայ երգարվեստի ընտրանին` միջնադարից մինչ մեր օրերը:
2002 թ.-ին Երգչախմբային Եվրոպական Ֆեդերացիայի կողմից “Աշխարհի լավագույն երգչախմբի” և “Եվրոպայի մշակույթի դեսպանի” տիտղոսներին արժանացած մեր երգչախմբի համբավը վաղուց էր հասել Ճապոնիա, և այստեղ գրեթե բոլոր քաղաքներում համերգների տոմսերը սպառվել էին մինչև Տիգրան Հեքեքյանի սաների տեղ հասնելը:
Մաեստրոն լրագրողներին պատմեց, որ Ճապոնիայի լավագույն` 1500 – 2200 տեղանոց համերգասրահներներում ոչ մի ազատ աթոռ չթողնելով` ճապոնացի խստապահանջ ունկնդիրն ամեն պահ ապշելու և հիանալու առիթ ուներ. “դա թե բազմաժանր ու բարդագույն երգացանկն էր, թե երգչախմբի կատարողական բարձր վարպետությունը, թե անթերի ճապոներենով այն ներկայացնող հայ մանուկները, և թե ճապոնական ստեղծագործությունների մեկնաբանումը: Իսկ վերջում`սիրված “Ֆուրուսատոն”, որ երգում էին փոքրիկ երգիչների հետ հոտնկայս` արցունքն աչքերին”:
“Բացառիկ է , արտակարգ: Շնորհակալ եմ: Երանի ողջ աշխարհը կարողանար ձեզ ունկնդրել: Ձեր կատարումները մեզ նոր կենսական ուժ տվեցին: Անչափ զարմացած եմ, իսկապես անհավատալի է : Ես ղեկավարել եմ մի քանի երգչախումբ, բայց նման հայկական երգչախումբ ունկնդրելով` իրոք զարմացած եմ: Բոլոր ունկնդիրներն ապշած են և տպավորված … այսպիսի արձագանքներ են եղել հայ փոքրիկ կատարողների ելույթներին :