Եկել ենք՝ բուֆետչիկներին ու մյուսներին վարչության կազմից մաքրենք
Երկրապահ կամավորական միության նախկին անդամ, «Սև հովազ» ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանը, ով եկել է ԵԿՄ կենտրոնական գրասենյակ՝ մասնակցելու արտահերթ նիստ հրավիրելու քննարկմանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մանվել Գրիգորյանը ԵԿՄ վարչության նախագահ էր ընտրվել հենց այն նպատակով, որ ԵԿՄ-ն պառակտի:
«Վերադարձել ենք, որ Երկրապահի այս ամոթը մաքրվի, չեմ ուզում, որ ժողովուրդն այսօր ուրիշ աչքով Երկրապահին նայի, եկել ենք՝ մաքրման պրոցեսը սկսենք: Այն բուֆետչիկներին, գյուղապետերին ու մյուսներին վարչության կազմից պետք է մաքրենք, իսկական կռվող հրամանատարները, պատերազմը ում ուսերին է եղել, այդ տղաներով մնանք: Հիմա առանձին ջոկատները, առանձին կազմակերպությունները, ռազմահայրենասիրական կառույցները ուզում են համալրվել նորից մի դրոշի տակ։ Այսօր հազարավոր վկայականներ են բաժանված, մաքրենք այս կեղտը երկրապահից»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե ԵԿՄ-ն զինաթափելու կոչեր են հնչում, Ռուստամ Գասպարյանը նշեց, որ Երկրապահը զինված չէ, որ զինաթափեն:
«Երկրապահը հերոսական կառույց է, միշտ էլ եղել է բանակի կողքին: «Սև հովազ» ջոկատը քառօրյային գնաց, սահմանին ենք զենքեր ստացել, հետո հանձնել՝ եկել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Երկրապահ կամավորականների միությունում հանդիպում է հրավիրվել: Այս պահին քննարկվում է արտահերթ համագումար անցկացնելու և նոր նախագահ ընտրելու հարցը: Բացի այդ ԵԿՄ վարչության անդամները մտադիր են նախաձեռնող խումբ ստեղծել, որպեսզի ԵԿՄ-ն պահպանվի, և Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումները որևէ կերպ չազդեն կառույցի գործունեության վրա: