Ոստիկանության գործողությունները չե՞ն բխում ինքնահաստատավելու ձգտումից
«Որոշ օգտատերեր ինձ մեղադրում են այն բանում, որ ես ավելի շատ ասուլիսներ եմ տալիս և հարցերի եմ պատասխանում, քան զբաղվում եմ իմ աշխատանքով, դրա համար չեմ ուզում խոսել»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Երևանի ոստիկանապաետ Վալերիյ Օսիպյանը:
Երեկ, ոստիկանության իրականացրած լայնամասշտաբ գործողությունների մասին խոսելիս, Օսիպյանն ասաց, որ դրանց հետևից գնացել են օպերատիվ տեղեկությունների հիման վրա:
Հարցին՝ արդյոք ոստիկանությունը զբաղված է քրեական հեղինակություններին հավաքելով, ոստիկանապետը պատասխանեց, որ նրանք էլ ունեն իրավունքներ և պարտականություններ և պետք է պատասխանատվության ենթարկվեն. «Ցանկացած ոք ՀՀ-ում պետք է ենթարկվի օրենքին: Օրենքի առջև բոլորը հավասար են»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, թե ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում այն անձանց օբյեկտներում, որոնք կապ են ունեցել նախկին իշխանությունների հետ, և պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ նոր իշխանության ներկայացուցիչները համարձակություն չունեն ասելու, որ նախկինները արտոնություններ են ունեցել և ներկայումս սկսված հետախուզությունները կապված են երկրում իրավիճակի փոփոխության հետ, Օսիպյանն ասաց. « Ոստիկանության կամ իրավական մարմինների գործողությունները չեն բխում ինքնահաստատավելու ձգտումից, կան տեղեկություններ, որ տարբեր տեղերում չարաշահումներ են եղել, և դրանից ելնելով էլ մենք հետախուզում ենք անցկացնում»:
Այդ դիտարկմանը, թե նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նման Օսիպյա՞նն էլ կմնա պատմության մեջ, վերջինս պատասխանեց. «Մենք բոլորս էլ արդեն պատմության մեջ ենք»:
Հիշեցնենք, որ քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով «Սելենա» ընկերության «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում գործող ակումբի, բացօթյա սրճարանի գործունեությանն առնչվող և դրա իրական ծավալներն արտացոլող հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ինչպես նաև դրանց վերաբերյալ տվյալներ պարունակող համակարգչային և տեխնիկական այլ սարքերն ու սարքավորումները, էլեկտրոնային կրիչները հայտնաբերելու նպատակով 2018թ. հունիսի 20-ին, օրենքով սահմանված կարգով, խուզարկություններ են կատարվել «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս. Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ. Բեգլարյանի բնակության վայրերում, «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում: