Բաց նամակ Փաշինյանին
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները բաց նամակով են դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ներկայացնում ենք նամակն ստորև.
«Մեծարգո պարոն Վարչապետ
Սույն թվականի հունիսի 19-ին, ժամը 18-ին, ՀՀ կառավարության կայքում հրապարակվել է Ձեր որոշմամբ հաստատված՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը: Ապա միայն սոցիալական կայքերից (ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ֆեյսբուքյան էջից) է հայտնի դարձել, որ այսօր՝ հունիսի 20-ին, կայանալու է խորհրդի նիստը՝ տեսչական մարմնի ղեկավարի թեկնածության հարցը քննարկելու համար:
Ըստ նույն սոցիալական ցանցի՝ ներկայացվել էր մեկ թեկնածու, որի վերաբերյալ մտահոգություն ունենալով, հասարակական կազմակերպությունները մատնանշել են այլընտրանքային թեկնածուներ առաջադրելու գաղափարը: Ծառայության երկարամյա փորձ ունեցող մասնագետը՝ Արմեն Վարդանյանը, թեև ուշացած տեղեկանալով այդ մասին, այնուամենայնիվ ողջունել է թափանցիկության և այլընտրանքի հնարավորությունը և հունիսի 20-ին՝ մինչև խորհրդի նիստի սկսվելը, խորհրդի կազմում ներկայացված հասարակական կազմակերպության ներկայացուցիչների՝ Բաբկեն Պիպոյանի, Հակոբ Ավագյանի էլեկտրոնային հասցեներին ներկայացրել է իր կենսագրությունը:
Ցավոք, այսօրվա նիստում Ա. Վարդանյանի թեկնածությունը չի քննարկվել՝ առնվազն մեկ օր առաջ կենսագրականը խորհրդի անդամներին չներկայացնելու պատճառաբանությամբ: Թեև թեկնածուների ներկայացման ընթացակարգերը կանոնակարգված չեն, արդյունքում պարզվել է, որ, այնուամենայնիվ, անհասկանալի սկզբունքով ընդունվել են երեք այլ թեկնածություններ և քննարկվել: Սա հիմք է տալիս եզրակացնելու, որ մեկ օր առաջ խորհրդի կազմը հրապարակելու և հաջորդ իսկ օրը նիստ անցկացնելու իրողության պարագայում գործնականում այդ պահանջի ապահովումը իրատեսական և օբյեկտիվ չէ՝ հաշվի առնելով նաև թեկնածուների ներկայացման և նիստի անցկացման վերաբերյալ ընթացակարգի փաստացի բացակայությունը:
Արմեն Վարդանյանը Ծառայության գուրծունեության ոլորտներին ամբողջապես տիրապետող, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգում պետական աշխատանքային և ղեկավարման երկարամյա փորձով, ծառայության ստեղծման հիմք հանդիսացող սննդի անվտանգության ու անասնաբուժական տեսչության և սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ստեղծման և կայացման գործում բացառիկ դերակատարություն ունեցող մասնագետ է, ով վայելում է աշխատանքային կոլեկտիվի հարգանքը և անվերապահ աջակցությունը:
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում վերը նշված հանգամանքների վրա և ակնկալում, որ կանցկացվի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խորհրդի ևս մեկ նիստ, որում կքննարկվեն բոլոր հնարավոր թեկնածությունները:
Անհրաժեշտության դեպքում կներկայացվեն Ծառայության աշխատողների երաշխավորությունը հաստատող ստորագրությունները»: