Գայթակղությունը մեծ է, մարդիկ չդիմացան, հերոս էին …
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը ողջունում է Հայաստանում սկսված քաղաքական գործընթացները, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարը եւ նշում է, որ այն, ինչ այժմ կատարվում է Հայաստանում, պետք է առաջին քայլը լինի ոչ թե անձերի, այլ երեւույթների դեմ պայքարի:
«Ինքներս մենք մեր մտածելակերպով, վարքագծով ու մենթալիտետով պետք է նույնպես փոխվենք եւ խնդիրը դնենք ոչ թե անձի, այլ երեւոյթների վրա, հակառակ պարագայում կունենանք մի քանի անձերի խնդիր, հետո կլինեն այլ անձեր ու նույն պտույտը կշարունակվի»,-«Հենարան» մամուլի ակումբում ասաց Թեւան Պողոսյանը:
Այս համատեքստում անդրադառնալով ԱԺ պատգամավոր, Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործին ու այն չարաշահումներին, որ ԱԱԾ-ն բացահայտել է, Թեւան Պողոսյանն ասաց, որ հարգում է անմեղության կանխավարկածը, բայց ցանկանում է խոսել, պայքարել երեւույթների դեմ, որպեսզի մանվելգրիգորյաններ այլեւս չլինեն:
Ինչ վերաբերվում է ԵԿՄ-ին, ըստ բանախոսի, այն պետք է տրանսֆորմացիայի ենթարկվի եւ դառնա այնպիսի կառույց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինքն իր մեջ ԵԿՄ-ն զգա եւ այնպես չլինի, որ մի խումբ մարդիկ իրենց արտոնյալ զգան եւ անեն այն, ինչ կուզեն: «Գայթակղութնունը մեծ է, մարդիկ չդիմացան, հերոս էին մի քիչ ձեռքն ընկավ, մի քիչ հարստացան, տեղի ունեցավ այս ամենը»,-ասաց նա: