ՀՀԿ-ում բոլորը չէ, որ Մանվել Գրիգորյան են
«Արտահերթ ընտրությունների դեպքում ազգային ժողովի պատկերը կլինի այլ: Պարզ է, որ Փաշինյանը դուրս է մրցակցությունից, բայց անկախ նրանից՝ ով ում է սիրում կամ չի սիրում, կան ուժեր, որոնք ունեն կառույցներ, փորձ և ռեսուրսներ: Եթե ընտրությունները շուտ լինեն և մնացած ուժերը չհասցնեն նախապատրաստվել և ստեղծել այդ կառույցները, այն ուժերից յուրաքանչյուրը, որն ունի համապատասխան կառույց, փորձ և ռեսուրս, իրենը կունենա ընտրությունների ժամանակ»,-Henaran.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:
Նա շեշետեց, որ ամեն ինչ այնքան դինամիկ է, որ շատ բաներ կարող են արագ փոփոխվել: Քոչարյանը հույս հայտնեց, որ այսօրվա իշխանությունները թույլ չեն տա ընտրակաշառքի կիրառումը. «Ես հուսով եմ, որ արդար ընտրութուններ կլինեն, հակառակ դեպքում այս ամեն ինչը անիմաստ կարող ենք համարել»,-ասաց նա:
Մեր հարցին, հնարավո՞ր է «Քաղաքացիական պայմանագիր»-ը և ՀՀԿ-ն որեւէ ձեւաչափով մի բլոկում հայտնվեն, Քոչարյանը պատասխանեց, որ ինքը ոչ կարող է պնդել և ոչ էլ բացառել այդ տարբերակը. «Ես ներքին շշուկներին շատ տեղ չեմ տալիս, բայց սա քաղաքականություն է և քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է: Բայց այս պահին ես դա գրեթե անհնար եմ համարում»,-ասաց նա և հավելեց՝ ինչ պրոցեսներ կլինեն հետագայում ինքը չի կարող ասել:
Կարեն Քոչարյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ի կազմում կան նաև ազնիվ մարդիկ. «ՀՀԿ-ի մեջ կան մարդիկ, ովքեր իրոք ազնիվ են աշխատում: Ոչ ոք չի ասել, որ բոլորը էնտեղ մանվել գրիգորյաններ են, որովհետև հանրապետականը ինքն իրենով իշխանության կուսակցություն էր: Այնտեղ կար քաղաքական թև, հետարքիր է, որ հասարակությունը ատում էր հենց այդ թևին, չնայած որ նրանք շատ քիչ մեղք ունեին»:
Քոչարյանի խոսքով՝ կառավարության այսօրվա մոդելը երկար չի պահպանվելու: Քաղտեխնոլոգն ընդգծեց նաև, որ թե՛ դաշնակցությունը և թե՛ ԲՀԿ-ն շարժմանը հինգ րոպե առաջ և հետո միացած ուժեր են, որոնք ոչ մի կապ չունեն այսօրվա հետ: