Մանվել Գրիգորյանն իր մեղքը չի ընդունում
![](https://henaran.am/wp-content/uploads/2018/06/1524570010_rus152455420484.jpg)
ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին դատարանի կայացրած կալանավորելու որոշման վերաբերյալ պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը նման էր մի շարք որոշումների, որոնք նախկինում կայացվել են:
Նա ասաց, որ Մանվել Գրիգորյանն իրեն քաղբանտարկյալ չի համարում: Նա օրինակ բերեց, որ երկու վստահորդ ունի նույն հոդվածներով, որոնք չեն կալանավորվել, և նրանք գեներալներ չեն:
«Մանվել Գրիգորյանն իր մեղքը չի ընդունում, և ես չեմ տեսնում հիմքեր, որ դա նման լինի իրականությանը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, ապա Մկրտչյանն ասաց՝ կարծում է, որ հետագայում կպարզվի, որ կալանքը կրելու հետ անհամատեղելի հիվանդություններ կան:
Արսեն Մկրտչյանն ասաց, որ ԱԱԾ-ն ու Դատախազությունն արել են իրենց գործը և նույնիսկ վարույթն իրականացնող մարմնի հետ լարվածություն չունեն, հավատում է, որ օբյեկտիվ քննություն կիրականացվի: Նա ասաց, որ դատարանի որոշումը սպասելի էր, այս տրամադրվածությամբ այս դատավորի կողմից այլ որոշում չէր կարող լիներ:
«Ոչ մեկն ապահովագրված չէ սրանից, մենք ունենք երկրի ղեկավար, որն այս ամենով անցել է, հասկանում է սրա դառնությունը, ես կարծում եմ, որ ամեն մեկը ժամանակ կունենա՝ ինչ-որ մի պահ փորձի այս շապիկը իր վրա»,- ասաց նա:
Իսկ տղային զանգահարելու և խուզարկությանը խոչընդոտելու վերաբերյալ հայտարարությունների մասին Մկրտչյանն ասաց, որ իրականությանը դա չի համապատասխանում:
Հարցին, թե արդյոք պարզ է՝ սնունդը գնացել է բանակ, նոր եկել է ամառանոց, պաշտպանն ասաց, որ դա Մանվել Գրիգորյանին ևս հուզում է: «Ինչո՞ւ եք մտածում, որ հասցեատերը Մանվել Գրիգորյանն է: Ինչո՞ւ չեք մտածում, որ այդ պահեստները ուրիշի կողմից են օգտագործվել»,-ասաց նա: