Քլինթոնը հրաժարվել է վերջնագիր ներկայացնել Իրանին
ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնն այսօր` սեպտեմբերի 10-ին, հայտարարել է, որ իր երկիրը որեւէ վերջնագիր չի ներկայացնի Իրանին, գրում է “Հաարեց”-ը: Այս հայտարարությամբ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը պատասխանել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուին, ով պահանջել էր “կարմիր գիծ” սահմանել, որն անցնելը Թեհրանի համար պատերազմ կնշանակեր:
“Մենք որեւէ գիծ կամ կոնկրետ ժամկետներ չենք սահմանում: Բանակացությունները շարունակելն ավելի արդյունավետ մարտավարություն է”,-հայտարարել է Քլինթոնը:
Նախօրեին Նետանյահուն պատմել է լրագողներին, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելն աշխատում են Իրանի դեմ համատեղ պահանջներ ներկայացնելու վրա, որոնց չկատարելը պատերազմի սպառնալիք կհամարվի: Վարչապետը նաեւ հայտարարել է, որ նման կոշտ վերաբերմունքը միակ հնարավորությունն է Թեհրանի միջուկային օբյեկտների դեմ ռազմական գործողությունից խուսափելու համար:
Քլինթոնն ընդգծել է, որ հասկանում է Իսրայելի մտահոգությունը, քանի որ նրա դեմ է ուղղված իրանական հռետորությունը, սակայն ամեն դեպքում անհրաժեշտ է համարում պատժամիջոցների համար ժամանակ տալ:
Իրանի միջուկային ծրագրերի շուրջ իրավիճակի սրումն սկսվեց “ՄԱԳԱՏԵ”-ի զեկույցի հրապարակումից հետո: Այդ փաստաթղթում ասվում է, որ Իրանը կրկնակի անգամ մեծացրել է միջուկային Ֆորդո ստորգետնյա կենտրոնի հնարավորությունները: Իսրայելցիներն այդ փաստը համարեցին ապացույց այն բանի, որ պատժամիջոցները եւ միջազգային ճնշումն Իրանի վրա անիմաստ են: