Մանվել Գրիգորյանն իմ աչքի լույսը չէ, բայց ես դեռ կլռեմ

«Մանվել Գրիգորյանն իմ աչքի լույսը չէ, բայց քանի դեռ նա ինքը չի խոսել, չի բացատրել ամեն բան, ես ոչինչ չեմ ասի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
Հայրիկյանի խոսքով՝ քանի դեռ Մանվել Գրիգորյանի մեղավոր լինելը ապացուցված չէ, ինքը չի ուզում իրեն դնել դատավորի տեղ և քննադատել կամ գնահատականներ տալ նրա արած կամ չարած գործողություններին:
Այն հարցին՝ որքանո՞վ է ճիշտ է , որ նման բացահայտումներով այսօր զբաղվում է ԱԱԾ-ն, չէ՞ որ կան այլ կառույցներ ևս, օրինակ Դատախազություն, ՊԵԿ, Հայրիկյանը պատասխանեց՝ սովորաբար ԱԱԾ-ի մասին խոսելիս բոլորն ասում էին ԿԳԲ, սակայն վերջին օրերին այդ կարծիքը փոխվեց, այսօր այն իրոք ազգային անվտանգությամբ զբաղվող կառույց է, և ով, եթե ոչ այդ կառույցը պետք է զբաղվի նման հարցերով:
Հայրիկյանն ընդգծեց նաև, որ Մանվել Գրիգորյանի անձի շուրջ բարձրացած աղմուկը կարող է վնասել մեր ազգային անվտանգությանը, քանի որ բանակին հատկացվող սննդի, զինամթերքի մասին է խոսքը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը քրեական գործով դեռևս հանդես է գալիս որպես կասկածյալ, նրան դեռ մեղադրանք չի առաջադրվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք , սնունդ և ռազմամթերք: