Ի՞նչ հիմքով է Ծառուկյանի որդին տարկետում ստացել
Ավելորդ շահարկումներին վերջ տալու նպատակով ներկայացնում ենք ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հիմնավորումը, որը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am/projects/933/justification):
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 12-Ի ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Բազկամարտ և նավամոդելային սպորտ մարզաձևերում Հայաստանի Հանրապետության մարզիկները տարիներ շարունակ բարձր արդյունքներ են ցուցաբերել միջազգային մրցասպարեզներում՝ նվաճելով բազմաթիվ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ:
Մասնավորապես, նավամոդելային սպորտի ՀՀ հավաքական թիմի անդամները (մեծահասակների և երիտասարդների աշխարհի և Եվրոպայի առաջնություններում) 1985 թվականից սկսած մինչ օրս աշխարհի առաջնություններում նվաճել են 23 ոսկե, 30 արծաթե և 21 բրոնզե մեդալ։ Եվրոպայի առաջնություններում նվաճել են 10 ոսկե, 18 արծաթե և 12 բրոնզե մեդալ, սահմանել աշխարհի 17 ռեկորդ, հաղթել բազմաթիվ միջազգային մրցաշարերում:
Բազկամարտի ՀՀ հավաքական թիմի անդամները 2016 թվականին մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել են 14 մեդալ՝ որից 8 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Բազկամարտի ՀՀ հավաքական թիմի անդամները 2017 թվականին մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել են 9 մեդալ՝ որից 2 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալ:
Հաշվի առնելով բազկամարտ և նավամոդելային սպորտ մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի մարզիկների ցուցաբերած բարձր արդյունքները՝ անհրաժեշտություն է առաջացել բազկամարտ և նավամոդելային սպորտ մարզաձևերն ընդգրկելու ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման մեջ:
Անհրաժեշտ է նաև ոչ օլիմպիական մարզաձևերի պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ցուցաբերած արդյունքները հաշվարկել ոչ թե 1-2-րդ, այլ 1-3-րդ տեղերի հաշվարկով՝ առաջնակարգ մարզիկներին աջակցելու համար:
Պարզաբանենք, որ Նվեր Գագիկի Ծառուկյանը՝ որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող (անվճար ուսուցում) արդեն իսկ մինչև 2021 թվականն ունի տարկետման իրավունք:
Միաժամանակ տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության № 450-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանվում են ոչ օլիմպիական՝ ուշու, սամբո, շախմատ մարզաձևերը ներկայացնող մարզիկներին (մարզական արդյունքների հիման վրա) տարկետում տալու պայմանները, իսկ ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծով նախատեսվում է նշված մարզաձևերի ցանկում ավելացնել նաև նավամոդելային սպորտը և բազկամարտը: Վստահ ենք, որ վերոհիշյալ որոշմամբ տարկետում ստացող մարզիկները միջազգային ամենահեղինակավոր մրցահարթակներում շարունակելու են բարձր պահել Հայաստանի Հանարպետության պատիվը: