24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այս գործի բոլոր մանակիցները պետք է բացահայտվեն եւ կանչվեն պատասխանատվության, անկախ նրանց կոչումներից, կարգավիճակներից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ: Նիստի մեկնարկին վարչապետ Փաշինյանը, մասնավորապես նշել է. «Կարծում եմ ՝ տեղյակ եք երեկվա և նախորդ օրվա իրադարձություններին:  Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը և նրան պատկանող տարածքներում տեղի են ունեցել խուզարկություններ: Առանց որևէ անմեղության կանխավարկած խախտելու՝ ուզում եմ արձանագրել, որ մենք գործ ունենք թերևս երրորդ հանրապետության պատմության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ: Սա առանձնանում է նրանով, որ բացահայտումները բառիս բուն իմաստով ցնցող են, շոկային են հայ հանրության համար: Երեկ աշխատանքային կարգով շնորհակալություն եմ հայտնել ԱԱԾ տնօրենին և նրան խնդրել եմ շնորհակալության խոսքեր փոխանցել ԱԱԾ այն աշխատակիցներին, ովքեր մշակել են այս օպերացիան և իրականացրել, ուզում եմ այդ շնորհակալության խոսքերը կրկնել պաշտոնապես: Կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ գործողությունը մեկ օրում չէ կազմակերպվել, դրան նախորդել է ծավալուն աշխատանք և այս աշխատանքի ընթացքում մենք նաև որոշակի խնդիրներ և օրակարգ ենք ձևակերպել, որը վերաբերում է նաև իրավապահ համակարգի փոխգործակցության խնդիրներին: Առաջիկա օրերին խորհրդակցություն կհրավիրեմ այս թեմայով, որպեսզի մենք այս հարցում որոշ հստակեցումներ մտցնենք և զարգացնենք իրավապահ համակարգի փոխգործակցության մակարդակը:

Հույս ունեմ, որ այս գործի քննությունը կընթանա պատշաճ մակարդակով, որովհետև արդեն ասացի, որ ըստ ամենայնի և մեծ հավանականությամբ, չեմ ուզում այլ մեկնաբանություններ և վերջնական պնդումներ անել՝ այլ մեկնաբանությունների տեղիք չտալու համար, բայց կարծում եմ՝ ակնհայտ է, որ գործ ունենք կոռուպցիոն մեծամասշտաբ երևույթի հետ: Գործը հանձնվել է Հատուկ քննչական ծառայությանը, ես հույս ունեմ, որ քննությունը կընթանա պատշաճ մակարդակով և գլխավոր դատախազությունը կապահովի քննության պատշաճ մակարդակը: Ասեմ, որ ինչպես ես, այնպես էլ հայ հանրությունը չի տեսնում որևէ խոչընդոտ, որպեսզի այս գործի բոլոր մանակիցները բացահայտվեն և կանչվեն պատասխանատվության, անկախ նրանց կոչումներից, կարգավիճակներից և այլ հարակից հանգամանքներից: Այս գործը պետք է բացահայտվի մինչև վերջ և, ինչպես մյուս բոլոր դեպքերում, որևէ արգելակներ և խոչընդոտներ չկան և չեն կարող լինել:  Ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ կոռուպցիայի հետ որևէ կոմպրոմիս չի լինելու, մենք հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիան արմատախիլ է արվելու, և որևէ մեկը չկասկածի, որ մենք այս նպատակին հասնելու ենք ամենավճռական և ամենաարդյունավետ քայլերով: Հիմա արդեն կարող ենք հստակ արձանագրել, որ երկար տարիներ մեր արած այն պնդումները, որ երկիրը համակարգային կերպով թալանվել է, այդ պնդումները հիմնավորվում են և այս թալանի բոլոր մասնակիցները պետք է բացահայտվեն ու պատասխանատվության կանչվեն: Օգտվելով առիթից, ուզում եմ ևս մեկ դիտարկում անել. երբեմն այնպիսի տպավորություն եմ ստանում, թե մեր իրավապահ համակարգի որոշ կառույցներ դադարի վիճակում են, նրանք ուզում են հասկանալ, այսինքն ոմաց թվում է, թե այս հայտարարությունները կարող է շարքային հայտարարություններ են և, այսպես ասած, ժամանակը կանցնի ու բոլորը կմոռանան, թե ինչի համար էին հավաքվել: Չգիտեմ բոլորը կմոռանան, թե ոչ, բայց ինքս չեմ մոռանա դրա մասին, և ես հույս ունեմ, որ իրավապահ համակարգը լրջորեն կմտածի կոռուպցիայի դեմ պայքարում իր արդյունավետությունը բարձրացնելու մասին և մենք ստիպված չենք լինի այս թեմային մի քանի անգամ անդրադառնալ: Մենք հաջորդ անգամ այս թեմային կանդրադառնանք առաջիկայում հրավիրվելիք խորհրդակցության ընթացքում և այսպիսի ֆորմատով դա կլինի մեր վերջին խոսակցությունը, որից հետո մենք բոլորս պետք է ակնկալենք կոնկրետ արդյունքներ: Հայաստանի իրավապահ համակարգի առաջ որևէ քրեական գործի քննության ճանապարհին չկա որևէ խոչընդոտ: Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ և իրավապահ համակարգի խնդիրն է սա ապացուցել: Այսինքն ոչ թե ապացուցել, սա արդեն ապացուցված է, այլ իրագործել: Եվ ես հույս ունեմ, որ այս հարցում մենք կաշխատենք արդյունավետ»:

Անցնելով օրակարգային հարցերին՝ կառավարությունը որոշել է Ազգային ժողովի նախագահին առաջարկել հունիսի 19-ին՝ ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ, որում քննարկման կդրվի Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագիրը: Արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ 2018թ. հունիսի 16-ին  Սահմանադրության 96-րդ և Քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածների հիման վրա քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու՝ այն է, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Մանվել Սեկտորի Գրիգորյանը: Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել  միայն Ազգային Ժողովի համաձայնությամբ: Հիմք ընդունելով վերոգրյալը, վարչապետին է դիմել գլխավոր դատախազը՝ հայտնելով, որ առկա են ԱԺ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց կիրառելու բավարար հիմքեր և առաջ է եկել Ազգային Ժողովի  կանոնակարգ Սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին  մասով սահմանված կարգով պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու նպատակով Ազգային Ժողովի համաձայնությունը ստանալու համար համապատասխան ընթացակարգ նախաձեռնելու անհրաժեշտությունը: Փոխնախարարի խոսքով՝ Ազգային Ժողովի  կանոնակարգ սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում պարտադիր քննարկման ենթակա հարցերից է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին հարցը: Կանոնակարգ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային Ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ՝ հունվարի երրորդ երկուշաբթիից մինչև հունիսի երրորդ հինգշաբթին և սեպտեմբերի երկրորդ երկուշաբթիից մինչև դեկտեմբերի երրորդ հինգշաբթին: Հերթական նստաշրջանների ընթացքում գումարվում են հերթական նիստեր, ինչպես նաև կարող են գումարվել արտահերթ նիստեր: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ հերթական նստաշրջանը ավարտվում է 2018թ.  հունիսի 21-ին, իսկ այս նստաշրջանի ընթացքում հերթական նիստերն արդեն իսկ ավարտվել են, ԱԺ հերթական նստաշրջանի պարտադիր քննարկման  ենթակա հարցերը սպառելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում նախաձեռնելու արտահերթ նիստ: Հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը՝ առաջարկվում է ի կատար ածել կառավարության համապատասխան որոշումը: Արտահերթ նիստն առաջարկվում է գումարել 2018թ. հունիսի 19-ին, ժամը 11:00-ին՝ արտահերթ նիստի օրակարգում ներառելով պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազին ներկայացրած միջնորդագրի քննարկման հարցը»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը:

            Կառավարությունն օրակարգային հաջորդ հարցով փոփոխություններ է կատարել հունիսի 8-ին ընդունած համապատասխան որոշման մեջ, ինչը հնարավորություն կտա ԱԺ-ին հունիսի 19-ին աշխատանքները սկսել Մանվել Գրիգորյանի հետ կապված միջնորդության քննարկումով: Դրանից հետո միայն խորհրդարանը կանցնի օրակարգային մյուս հարցերի քննարկմանը:

«ԱԺ կանոնակարգ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն արտահերթ նիստը հնգօրյա ժամկետից ավելի վաղ հրավիրելու համար վարչապետը պետք է ունենա ԱԺ նախագահի բանավոր համաձայնությունը: Ուզում եմ տեղեկացնել, որ զրույց եմ ունեցել  պարոն Բաբլոյանի հետ և ստացել եմ այդ համաձայնությունը, այնպես որ բոլոր ընթացակարգերը պահպանված են»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ