Երեխայի ուղարկածը զինվորի փոխարեն կենդանուն տալը որևէ բարոյական նորմի մեջ չի մտնում
Այս ընտրություններին խորհրդարան մուտքի շեմը պետք է հինգ տոկոսից իջնի, որպեսզի հասարակության ալտերնատիվ ձայնը լսվի, ակնհայտորեն ֆորսմաժորային համակարգում ենք գործելու: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ներկայացնելով առաջարկներ ԸՕ փոփոխությունների հետ կապված:
Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, որ կարևոր է բացառապես պարզ համամասնական համակարգի անցումը, ընտրական գրավի նվազումը, հանձնաժողովի անդամների հավասարաչափ բաշխումը բոլոր ուժերի միջև:
«Ընտրատեղամասերում պետք է տեսանկարահանող սկաներ լինի, որ անձի նույնականացումը շատ ավելի ապահով լինի, քվեաթերթիկները պետք է տեղում տպագրվեն»,-շեշտեց նա:
Արմեն Մարտիրոսյանը ընդգծեց, որ առաջարկներ կան նաև բողոքարկման մեխանիզմի հետ կապված: Նա շեշտեց, որ կառավարությանը առաջարկները կներկայացնեն գրավոր:
Անդրադառնալով ընտրությունների մասնակցության ձևաչափին՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Մենք գտնում ենք, որ հեղափոխական ճակատը պետք է միասնական ցուցակով մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, իսկ եթե դաշինք չլինի, պատրաստ ենք նաև միայնակ մասնակցել»։
Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ նաև ԱԱԾ գործողություններին՝ ասելով, որ կարծում է՝ դրանք շարունակական են լինելու: «Երեկվա բացահայտումների հետ կապված ասեմ՝ խիստ գնահատականների է արժանի, կաշառքը՝ կաշառք, բայց այստեղ բարոյական խնդիր կար, 3-րդ դասարանի երեխայի ուղարկածը զինվորի փոխարեն կենդանուն տալը որևէ բարոյական նորմի մեջ չի մտնում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել Մանվել Գրիգորյանի տանը և նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկությունից, որում ասվում էր, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։