Միայն այս քայլերը բավարար չեն

Կոռուպցիայի, կաշառակերության ու մենաշնորհների դեմ պայքարը կարեւոր, բայց ոչ բավարար քայլ է երկրի տնտեսական զարգացումն ապահովելու համար: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության տնտեսական քաղաքականությանը, նման կարծիք հայտնեց նախկին վարչապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«Ես շատ եմ կարեւորում կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհների դեմ պայքարը, արդարությունը, բայց այդ ամենը խիստ կարեւոր լինելով հանդերձ , անհրաժեշտ լինելով հանդերձ, ոչ բավարար պայման է տնտեսության զարգացման համար, ներդրումների ներգրավման համար: Միայն այս քայլերը բավարար չեն, միայն դրանցով հնարավոր չէ թափ հաղորդել տնտեսական զարգացման անիվին»,-Henaran.am –ի հետ զրույցում ասաց Խոսրով Հարությունյանը:
Նրա խոսքով, տնտեսական քաղաքականությունը այլ վերաբերմունք է պահանջում. «Կառավարության ծրագրում ես չտեսա տնտեսական քաղաքականություն: Հանրային կյանքը բարելավելու վճռականություն նկատել եմ, բայց մեր տնտեսական կարողությունները այնպես զարգացնել, որ ադեկվատ լինենք արտաքին բացասական զարգացումները դիմագրավելու առումով, ես չտեսա»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, որ կառավարության ծրագրում բացակայում է տնտեսական զարգացման կոնցեպտը եւ չկա որեւէ շեմ, որին պետք է ձգտել: