Հայկական պատվիրակությունը բանաձեւի նախագիծ կներկայացնի

Բրյուսելում հունիսի 26-ին նախանշված Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում կառույցում հայկական պատվիրակությունը հատուկ նախագիծ կներկայացնի՝ ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման խրախուսման հետ կապված հրատապ բանաձեւի նախագիծ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ նախագիծը ներկայացվել է իր նախաձեռնությամբ:
«Ներկայացված այս նախագիծը, վկայակոչելով 2018 թվականին ՀՀ ԱԺ կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ որպես եւս մեկ վերահաստատում Հայաստանի Հանրապետության հանձնառության՝ ԵՄ-ի հետ առավել ռազմավարական եւ հավակնոտ հարաբերությունների, կոչ է անում ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններին վավերացնել համաձայնագիրը՝ առանց անհարկի հետաձգումների:
Նախագիծն ընդգծում է նաեւ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը՝ մինչեւ Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները:
Խորհրդարանական դիվանագիտությունը ջանք չի խնայելու այս հրատապ նախագծի ընդունման համար՝ որպես Հայաստանի պետական շահերի առաջխաղացման եւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խթանման գործում եւս մեկ կարեւոր քայլի»,- գրել է Արմեն Աշոտյանը։