Մոտ ապագայում մտնելու ենք խորհրդարան
Պիտի դառնանք ուժ, որ մոտ ապագայում մտնելու ենք խորհրդարան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Թորոս Սեֆիլյանը: Հիշեցնենք, որ ՀԽ-ն նախկին իշխանությունների օրոք չի մասնակցել խորհրդարանական ոչ մի ընտրության՝ դրանք ոչ լեգիտիմ որակելով:
«Շատ արագ ձևով պետք է կազմակերպչական գործեր տարվեն, ժողովուրդը պետք է, որ մեր տեսլականը, գաղափարախոսությունը, ծրագրերն իմանա: Նոր, հեղինակավոր մարդիկ կան, որ արդեն պետք է ներգրավվեն շարքերում, պարտադիր չէ նրանց անունները հիշել, կգա օրը, կհրապարակվի: Այլևս պետք է ընտրություններին անդրադառնանք. նոր Հայաստանում ենք»,-շեշտեց նա:
Թորոս Սեֆիլյանն ասաց, որ տարիներ շարունակ փորձել են ազգային-ազատագրական շարժումով պայքարել, քաղաքական հետապնդումների են ենթարկվել, բայց չեն վախեցել, եթե ցանկանային ընտրություններին մասնակցել, անգամ իրենց նկատմամբ ճնշումների պարագայում իրենք կկարողանային անցողիկ շեմը հաղթահարել՝ 5-7 տոկոս ձայներ հավաքել, բայց դրանով չէին կարողանա որևէ ազդեցություն ունենալ:
«Նախկին համակարգի ԱԱԾ-ն միլիոնավոր դոլարներ էր ծախսել՝ մեզ հետապնդելու, սպառնալու համար, այդ ամբողջ գումարները մեր պետբյուջեից են գնացել»,-ասաց նա: