Փաշինյանի ընտրությունը՝ Կարեն Կարապետյանի հետքերով
Կառավարություն-ԱԺ ավանդական հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կներկայանա առանց վարչապետի: Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել:
Ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը եւ Ելք դաշինքը ու մասնավորապես պատգամավոր Էդմոն Մարուքյանը մշտապես սուր քննադատում էին Հանրապետական կառավարությանը, երբ վարչապետը չէր ներկայանում խորհրդարանի հետ հարցուպատասխանին՝ նշելով, որ նրա ներկայաությունը հարցուպատասխանին Սահմանադրության պահանջ է: Մասնավորապես, այդպես եղավ Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ, երբ 2017 թվականի հոկտեմբերի 25-ին նա բացակայում էր երկրից եւ մասնակցում էր ԵԱՏՄ խորհրդի նիստին:
Փաշինյանն այդ ժամանմակ թվացյալ զրույց ունեցավ Կարեն Կարապետյանի հետ. «Բարի երեկո, պարոն վարչապետ, ուրախ էինք ձեզ այսօր խորհրդարանում տեսնել եւ ուրախ ենք, որ դուք տիրապետում եք ձեր սահմանադրական պարտականություններին»,-հայտարարեց երբեմնի ընդդիմադիր պատգամավոր, այսօր արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ եթե որեւէ մեկը «ՀՀ-ում վարչապետ է, այսօր այս ժամին երկրագնդի վրա բացի այստեղից ուրիշ որեւէ տեղ չի կարող գտնվել»:
Այսօր փաստորեն, վարչապետ Փաշինյանը հայտնվել է նույն իրավիճակում, ինչ Կարեն Կարապետյանը: Իրավիճակը մեկնաբանել է Ելք դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Երբ մենք քննադատում էինք, շատ ոչ էական հավաքների, հանդիպումների առիթով, կարող եմ ասել նաեւ պատրվակով, վարչապետերը եղել են , որ չեն եկել, հիմա եկեք այս ձեւով ձեւակերպենք, այն իրավիճակում, որում գտնվում է երկիրը՝ լարում սահմանին եւ այլն, Փաշինյանը ի՞նչ ընտրություն պետք է կատարի՝ հանդիպի՞ Վլադիմիր Պուտինի հետ, թե՞ գա հարցուպատասխանի՝ այստեղ: Փոխվարչապետեր կան՝ կպատասխանեն»:
Ըստ Մարուքյանի, եթե Փաշինյանը ՌԴ նախագահի հանդիպման փոխարեն, օրինակ Համաշխարհային բանկի նախագահի հետ հանդիպման գնար, ինքը կքննադատեր վարչապետին, հիմա ըստ Մարուքյանի, Փաշինյանի մոսկովյան այցն առավել կարեւոր է: