Եղել է դեպք, երբ պետությունը մարդու գրպանին է կպել
Այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանը ասաց, որ հուլիսի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին միացող 80 հազար քաղաքացիների աշխատավարձերը կնվազեն. 200 հազար աշխատավարձ ստացողի դեպքում աշխատավարձը կնվազի 5000 դրամով, 500 հազարի դեպքում՝ 12.5 հազարով:
Համբարձումյանի հավաստմամբ՝ համակարգին արդեն միացած 200 հազար քաղաքացիների դեպքում, հակառակն է՝ նվազելու են պահումները՝ 200 հազար աշխատավարձ ստացողի դեպքում պարտադիր կուտակային վճարը 10 հազարի փոխարեն կդառնա 5000 դրամ, իսկ 500 հազար աշխատավարձից 25 հազարի փոխարեն կպահվի 12.5 հազար դրամ:
Հիշեցնենք, որ ժամանակավոր, համաձայնության կառավարությունը հունիսի 11-ի նիստում հավանություն էր տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը:
Նշենք, որ ներկայիս Հարկային օրենսգրքով եկամտահարկը դրույքաչափերը հետևյալն են՝ Մինչև 150 000 դրամը ներառյալ՝ 23 %, 150 000 – 2 000 000 դրամը ներառյալ՝ 28%, 2 000 000 դրամից ավելի՝ 36%:
Ինչ վերաբերում է կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ընդունմանը, Վ. Համբարձումյանը նշեց. «Եղել է դեպք, երբ պետությունը պարտադիր հարկադրանքի ուժով մարդու գրպանին է կպել, բայց մարդիկ իրենց կաշվի վրա մինչև չզգացին, որ դա լավ է, չդադարեցին բողոքել: Պարտադիրի երանգը չի վախեցնում, վստահության խնդիր կա և՛ կառավարության, և՛ միջազգային կառույցների նկատմամբ: Օրինակ, ԱՊՊԱ-ի դեպքում մարդը միանգամից զգաց, բայց այստեղ 30-40 տարվա մասին է խոսքը: Մյուս կողմից էլ կառավարության կողմից կտրուկ քայլերն էլ անել ճիշտ չէր լինի»: