24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երբեմն Սփյուռքից փորձում են ուղղորդել Հայաստանի գործընթացները, ինչը, համոզված եմ, սխալ է. Տարոն Աճեմօղլու

Երբեմն Սփյուռքի որոշ ներկայացուցիչներ փորձում են դրսից ուղղորդել գործընթացները, ինչը, համոզված եմ, սխալ է: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն:

-Սկսենք հիմնական հարցից՝ Հայաստանի «թավշյա հեղափոխության» կարեւորությունը ձեր տեսակետից ինչո՞ւմն էր:

Կարծում եմ, այն շրջադարձային կետ էր Հայաստանի համար, քանի որ Հայաստանը չափազանց երկար է տառապել կոռումպացված, անարդյունավետ կառավարության պատճառով, որն արտացոլվում էր տնտեսական վիճակով եւ Հայաստանից արտագաղթի թվերով:

Ուստի, սա երկրի նոր սկզբի հիմնադրումն էր, որը կարելի է տոնել: Ընդհանրապես, արմատական բարեփոխումները իրականում բարդ գործընթաց է եւ նման արմատական բարեփոխումների կարիք ունեցող երկրները հանդիպում են երկու զգալի մեծ խոչընդոտի: Առաջինը՝ գործընթացի խաղաղ սկիզբն է, քանի որ առանց այդ խաղաղ սկզբի, ամբողջ գործընթացը շատ ավելի բարդ է դառնում՝ հասարակությունը բեւեռացվում է, թշնամանք է ձեւավորվում, բռնություն սկսվում: Նման պայմաններում որեւէ կառուցողական արդյունքի հասնելը գրեթե անհնար է: Այդպիսին էր իրավիճակը «Արաբական գարնան»-ը հաջորդած ժամանակահատվածում:

Հայաստանին հաջողվեց ստեղծել խաղաղ, շատ խոստումնալից սկիզբ, եւ դա փայլուն հաղթանակ է: Երկրորդ քայլը կլինի, այդ խաղաղ սկզբի վրա հիմնվելով, շարունակել համակարգային բարեփոխումների գործընթացը եւ ստեղծել ապագա բարգավաճման, որակյալ կառավարման, խաղաղ գոյատեւման հիմնասյուները: Այդ երկրորդ քայլը դեռեւս երաշխավորված չէ, սակայն, մենք ստացել ենք սկզբնական հնարավորություն այն իրականացնելու համար:

-Եթե դուք լինեիք նոր վարչապետի խորհրդականը, ի՞նչ խորհուրդ կտայիք նրան, ո՞րքայլերն են անհրաժեշտ առաջին հերթին:

Յուրաքանչյուր երկիր պահանջում է առանձնահատուկ մոտեցում: Սակայն, ընդհանուր առմամբ, եթե ցանկանում եք արմատախիլ անել կոռուպցիան, եթե ցանկանում եք դնել տեւական բարեփոխումների եւ աճի հիմքերը, պետք է այդ ամենն անեք խաղաղ ճանապարհով: Եթե նայեք առավել մեծ հաջողության հասած երկրների, կտեսնեք, որ նրանք միշտ կարողացել են այրել հակասություններն անցյալում եւ նոր սկիզբ դնելու ճանապարհներ գտել: Անշուշտ, դա հեշտ չէ, անշուշտ գոյություն ունեն նախկին խնդիրներ, սակայն, կարծում եմ, առավել կարեւոր է ընդհանրություններ գտնելը: Հայաստանի համար հատկապես խոստումնալիցն այն է, որ թե՛ երկրի ներսում եւ թե՛ սահմաններից դուրս առկա է իրական խանդավառություն, համոզմունք, որ սա է փոփոխությունների համար ճիշտ ժամանակը եւ համոզմունք, որ փոփոխություններն անհրաժեշտ են:

Սակայն, մնում են բազմաթիվ մարտահրավերներ, այդ թվում եւ’ աշխարհաքաղաքական վտանգներ Ռուսաստանի, Ադրբեջանի կողմից: Մյուս վտանգն այն է, որ նման ոգեշնչող պահի կարելի է փորձել իրականացնել բոլոր փոփոխությունները միանգամից: Ասեմ, որ որքան շատ քայլեր փորձեք իրականացնել միաժամանակ, այնքան քիչ արդյունքի կհասնեք ապագա առաջընթացի հիմքեր ստեղծելու գործում:

-Արդյոք դուք ձեզ տեսնո՞ւմ եք որեւէ պաշտոնական դերում որպես Հայաստանի իշխանությունների, կառավարության մաս:

Կարծում եմ, պաշտոնական դիրքն այնքան էլ ճիշտ բան չէ: Կարծում եմ Հայաստանից դուրս բնակվողները կարող են աջակցություն ցուցաբերել, խորհուրդ տալ: Սակայն, համոզված եմ, որ Հայաստանի քաղաքացիներն ինքնուրույն պետք է կառուցեն իրենց երկիրը: Ես իմ կողմից պատրաստ եմ ամեն տեսակի օգնություն տրամադրել, որովհետեւ, հավատացած եմ, սա իրական շրջադարձային կետ է Հայաստանի համար: Կարծում եմ, թարմ հայացքը Հայաստանի գործընթացների վրա կարող է օգտակար լինել, սակայն հենց Հայաստանի քաղաքացիները պետք է լինեն գործընթացի եւ գործողությունների կենտրոնում: Այնպես որ, ես իրոք հույս ունեմ, որ իմ օգնությունը օգտակար կլինի, սակայն ես նաեւ չեմ ակնկալում ավելի մեծ դեր ունենալ: Եվ այդ կարծիքս վերաբերում է ընդհանրապես Սփյուռքի դերին: Կարծում եմ, Սփյուռքն ունի շատ կարեւոր դեր, սակայն, այն պետք է իրականացնի իր աջակցությունը երկու ուղղություններով՝ դրանք են բարոյական աջակցությունն ու ներդրումները: Երբեմն, սակայն, Սփյուռքի որոշ ներկայացուցիչներ փորձում են դրսից ուղղորդել գործընթացները, ինչը, համոզված եմ, սխալ է: Առաջնորդող դերը բոլոր գործընթացներում պետք է ստանձնեն միայն Հայաստանի քաղաքացիները:

-Այսպիսով, Հայաստանը հանձնե՞ց առաջին քննությունը:

Ճիշտ այդպես:

Ուստի, Հայաստանն ունի՞ իրական հնարավորություն միանալու առաջադեմ երկրների շարքին:

Այո, որովհետեւ նախկինում այլ երկրների մոտ դա ստացվել է: Իսկ այն երկրները, որոնց դա չի հաջողվել, հիմնականում տապալվել են առաջին քննության ընթացքում՝ չկարողանալով խաղաղ իշխանափոխություն ապահովել: Հայաստանը հանձնել է առաջին քննությունն ուղղակի փայլուն կերպով եւ դա շատ կօգնի երկրորդի ժամանակ, քանի որ հասարակության շատ լայն շրջանակում կա համոզմունք փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ: Առկա է նաեւ փայլուն, կիրթ մարդկային կապիտալ եւ երիտասարդություն, որն ինքնուրույն փորձում է հնարավորություններ գտնել այդ ձեռքբերումները վերածելու դրական փոփոխությունների: Սակայն, չէի ցանկանա թերագնահատել ռիսկերը:

-Ե՞րբ եք Հայաստան այցելելու:

Ես պատիվ եմ ունեցել երկու անգամ խոսելու վարչապետի հետ եւ մենք այժմ քննարկում ենք, թե երբ է իմ այցի համար հարմար պահը: Սակայն, ես ցանկանում եմ առաջին հերթին հասկանալ, թե ինչ մարտահրավերներ ունի նոր կառավարությունը եւ ինչպես է ցանկանում հաղթահարել դրանք: Երբ ես դա լիարժեք հասկանամ, կնստեմ եւ կկատարեմ իմ «տնային աշխատանքը», կվերլուծեմ, թե ինչպես կարող է զարգանալ իրավիճակը եւ կկարողանամ իրական խորհուրդներ տալ, այլ ոչ միայն այցելել Հայաստան որպես զբոսաշրջիկ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ