Տեղյակ են
Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղեկացվել են, որ Հայաստանի իշխանությունները զբաղված են ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ ապագա բանակցությունների հարցով, որոնք 2016թ. սեպտեմբերի 13-ին հանգեցրել են լայն կոնսենսուսով քաղաքական համաձայնության ընտրական գործընթացների կազմակերպման շուրջ:
Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, մասնավորապես նշելով. «Սա արտացոլում է իշխանությունների շոշափելի ջանքերը` միտված շահագրգիռ բոլոր կողմերի հետ բաց և թափանցիկ երկխոսությանը և ընտրական գործընթացների նկատմամբ վստահություն կառուցելուն»:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման, իսկ մինչ այդ Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին խոսվում է ՀՀ կառավարության ծրագրում: Ծրագրում, որը հաստատվել է խորհրդարանի կողմից, նշվում է, որ մեկ տարվա ընթացքում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ մինչ այդ լուրջ փոփոխությունների պետք է ենթարկվի Ընտրական օրենսգիրքը: Այժմ գործող Ընտրական օրենսգրքի շուրջ կայացած 4+4+4 ձևաչափով քննարկումների արդյունքում 2016թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի խորհրդարանը տարածեց ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին հայտարարությունը, որին միացել էին քննարկումներին մասնակից բոլոր կողմերը: