Կան ոլորտներ, որոնք բարեփոխման ճանապարհին են. ամեն ինչ մեր ձեռքերում է
Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի անցումային դրույթները, որոնք հունիսի 1-ից ուժի մեջ են մտել, զարգացման մեծ հնարավորություն են ստեղծում Հայաստանի համար: Այս մասին հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:
Մինչև փաստաթղթի լիարժեք վավերացումը Եվրամիության բոլոր անդամ-պետությունների կողմից համաձայնագրի 80 տոկոսն արդեն ուժի մեջ է մտել: Թևան Պողոսյանի խոսքով՝ կան ոլորտներ, որոնք բարեփոխման ճանապարհին են:
«Բարեփոխումները, որոնք նախանշվել են, արդեն կարող են իրագործվել և Եվրամիությունը պատրաստ է այս ոլորտներում աջակցություն, օժանդակություն ցուցաբերել՝ մասնագիտական խորհուրդներով, ֆինանսով: Եթե մենք աշխատենք, մեր շահերից ելնելով սկսել ակտիվ աշխատել, ապա կյանքի կկոչենք այս բարեփոխումների մեծ փաթեթը, հնարավորություն ստեղծենք զարգանալու»,- ասաց Թ. Պողոսյանը:
Նախագահի խորհրդականի խոսքով՝ ամեն ինչ Հայաստանի ձեռքերում է, եթե աշխատենք, ապա կլինեն հաջողություններ, եթե ոչ, ապա չեն լինի: «Հնարավորությունների դուռ է բացվել: Ամեն ինչ մեզնից է կախված, թե ինչ ծավալով կօգտվենք այդ հնարավորությունից»,- ասաց Պողոսյանը:
Վերջինս նշեց, որ արդիականացման օրակարգն, անկասկած, պետք է տանել առաջ: Իսկ փաստաթղթի մնացած 20 տոկոսը, որը ուժի մեջ կմտնի ամբողջական վավերացումից հետո, քաղաքական, տնտեսական ոլորտներին է վերաբերում. դրանք այն ծրագրերն են, որոնք չեն կարող մեկնարկել առանց եվրոպական կողմի համաձայնության:
Միաժամանակ, Թևան Պողոսյանը նշեց, որ եթե Հայաստանը ցանկություն ունի այդ ոլորտներում էլ առաջընթաց գրանցել՝ չսպասելով վավերացման, կարող է, որևէ մեկը դրան չի խանգարում: «Այս գործընթացի առաջնորդողը մենք ենք, ոնց ցանկանանք՝ այնպես կանենք, իսկ Եվրամիությունը միայն աջակցում է մեր ցանկություններին»,- նշեց նա: