Կառավարության ստրատեգիական բացթողումը

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենամեծ թերությունը տեսլականի բացակայությունն է: Henaran.am -ի հետ զրույցում քաղտեխնոլոգն ասաց, որ վարչապետի թիմակիցները չկարողացան ցույց տալ Հայաստանի զարգացման ռազմավարական ուղղությունը, այն տեսլականը, որին ձգտում են:
«Դրա համար թիվ պետք չէր: Մինչեւ հեղափոխությունը շատ ենք լսել հետեւյալ արտահայտությունը՝ երկիրն ապագա չունի, այ երբ ասում են՝ ապագա չունի, տեսլականը նկատի ունեն: Սա կառավարության ծրագրի ամենաստրատեգիական բացթողումն է»,-ասաց Արմեն Բադալյանը:
Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե իրենց նպատակը մարդկանց մարդկանց երջանիկ լինելու հնարավորություն տալն է, Արմեն Բադալյանն ասաց. «Երջանկությունը տեսլական չէ, զգացմունքային հայտարարություն է, իսկ քաղաքականության մեջ զգացմունքայնությունը տեղ չունի: Երջանկությունը շոշափելի չէ, ուրախությունը շոշափելի չէ, դու պետք է շոշափելի Հայաստանի տեսլական ցույց տաս, որը ես տեսնեմ»: