Հակասություն՝ դե յուրե իրողության հետ
Իրավական տեսանկյունից Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության գործունեության համար պատասխանատու են Ելք դաշինքը, Ծառուկյան դաշինքն ու Դաշնակցությունը: Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն շեշտում է՝ կառավարության պատասխանատվությունը կրում են այն քաղաքական ուժերըը կամ ուժերի միությունը, որոնք ձեւավորել են կառավարությունը:
«Կառավարության հաջողությունների ու ձախողումների համար իրավական պատասխանատվությունը կրում են այս երեք ուժերը՝ի դեպ, բոլոր բնագավառներում եւ ամբողջությամբ, այնպես չէ, որ ՀՅԴ-ն միայն տնտեսականի, Ծառուկյան դաշինքը՝ սպորտի»,-Henaran.am -ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե նոր կառավարության միակ պատասխանատուն թավշյա հեղափոխությունն իրականացրած քաղաքական թիմն է, ասաց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Հիշեցնենք, վարչապետն այս մասին հայտարարել էր նախօրեին՝ խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ: Արմեն Բադալյանի խոսքով, վարչապետն այս հայտարարությունն արել է քաղաքական նկատառումներից ելնելով:
«Երբ վարչապետը շեշտում էր, որ իր գլխավորած կառավարությունը ձեւավորվել է ոչ թե ԱԺ-ում ուժերի նոր կոնֆիգուրացիայի, այլ փողոցի միջոցով, ամբողջովին պատասխանատվությունն իր վրա է վերցնում ՝ պատասխանատվությունից հեռացնելով մյուս երկու ուժրին: Եթե նա դե յուրե մոտենա հարցին, կստացվի, որ ինքը հավասարվում է ՀՅԴ-ին եւ Ծառուկյան դաշինքին, բայց Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ սա հավասարների կոալիցիա չէ, որ իր թիմի կառավարությունն է, իսկ մյուս ուժերը ուղղակի իրեն աջակցում են »,-շեշտեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ այս մոտեցումը հակասության մեջ է մտնում հարցի իրավական մոտեցման հետ: