Երկրաշարժին հաջորդող օրերի ընթացքում որևէ հետցնցում չի գրանցվել
Ինչպես արդեն գիտենք, հունիսի 6-ին ժամը 07:58-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ, որին հաջորդել է 0.8, 1.5, 1.6 մագնիտուդով երեք հետցնցում: Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Բավրա գյուղում՝ 3-4 բալ, Գյումրի քաղաքում` 2-3 բալ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից Henaran.am-ի թղթակցին փոխանցեցին, որ երկրաշարժին հաջորդող այս 2 օրերի ընթացքում որևէ հետցնցում չի գրանցվել:
Ի պատասխան մեր հարցին, արդյո՞ք հետցնցումների բացակայությունը խոսում է վերջին օրերի ցնցումներից հետո սեյսմիկ գոտու թուլացման մասին, պատասխանեցին, որ իրենք շուրջօրյա հերթապահություն են անցկացնում, և նույնիսկ աննշան թվացող ցնցումների և հետցնցումների տվյալները մշակվում են: ԱԻՆ-ից հավելեցին նաև, որ այս պահին ոչ մի արտակարգ բան չի նկատվում:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 17:07-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել էր օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Սպիտակ և Վանաձոր քաղաքներում 5-6 բալ, Գյումրի քաղաքում՝ 3-4 բալ, Երևանում՝ 3 բալ:
Երկրաշարժին հաջորդել է 9 հետցնցում: