24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ հունից դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը. Ժամանակ

Խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման և քննարկման գործընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ավելի շատ հանրահավաքային էր, քան կառավարական: Եզրափակիչ ելույթի ընթացքում ամբիոնի մոտ հեղափոխական Նիկոլ Փաշինյանն էր, որը դեռ չէր դարձել վարչապետ: Ինչու վարչապետը որոշեց հիշեցնել այդ կերպարը և դրա միջոցով նաև իրականությունը, թավշյա հեղափոխության առկայությունը:

Արդյո՞ք ՀՀԿ-ին հաջողվել էր նրան հանել հունից, բերել էմոցիոնալության դաշտ՝ տպավորություն ստեղծելու համար, որ Նիկոլ Փաշինյանը կարող է նույն կերպ էմոցիոնալությանը տրվել նաև պետական հարցերում, և ըստ այդմ՝ դա վտանգավոր է: Թե՞ Նիկոլ Փաշինյանի էմոցիաների այդ դրսևորումը, հեղափոխական ելույթը պրագմատիզմի դրսևորում էր, որի հաշվարկը այն շրջանակներին սթափեցելն էր, որոնք կարծում են, որ հեղափոխությունն անցավ, և նոր կառավարությունը սկսել է, այսպես ասած, թուլանալ ու աստիճանաբար դառնալ խոցելի:

Ի՞նչն էր վարչապետ Փաշինյանի մոտ առաջացրել այդօրինակ ելույթի անհրաժեշտություն: Արդյո՞ք զգացվել էր սեփական թիմակիցներին և համակիրներին, այսպես ասած, «դուխ» տալու անհրաժեշտություն, թե՞ փորձեր են եղել Նիկոլ Փաշինյանին, այսպես ասած, «հաշիվ» ներկայացնել հեղափոխական աջակցության համար: Որովհետև նա առանց անուններ տալու, միևնույն ժամանակ գործնականում բոլորին ուղղված հայտարարություն արեց՝ ասելով, թե որևէ մեկը չկարծի, թե իրենց լավություն են արել վարչապետի ընտրությանը քվեարկելով:

Փաշինյանը հայտարարեց, որ Ազգային ժողովը ի հեճուկս իր, այսինքն՝ ի հեճուկս խորհրդարանի կամքի է քվեարկել իր թեկնածությանը, որովհետև չէր կարող չքվեարկել:

Ինչպես հայտնի է, խորհրդարանի քվեարկությանը ՀՀԿ-ից կողմ է քվեարկել ընդամենը 11 մարդ: Իհարկե, հենց այդ է եղել որոշիչը, որովհետև «Ծառուկյան», «Ելք» և ՀՅԴ խմբակցությունների ձայները այլապես բավարար չէին, սակայն Նիկոլ Փաշինյանը չկոնկրետացրեց իր հայտարարությունը ՀՀԿ-ով, այլ տարածեց ամբողջ ԱԺ վրա, հետևաբար ստացվում է՝ նաև մյուս ուժերի:

Զուտ քաղաքական կոնտեքստի առումով, իհարկե, սա էլ հասկանալի է: Խոշոր հաշվով, ՀՀԿ-ի պարտությունը բոլորն էլ կուզեին, իսկ ահա Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հաղթանակի մասով նույնն ասելը, մեղմ ասած, դժվար է: Բայց անգամ հենց այդ դեպքում հետաքրքիր է, թե ինչու վարչապետը որոշեց հիշեցնել այդ ամենը, եթե նկատի առնենք և այն, որ նա հայտարարել է նաև, թե կառավարության ծրագրի համար պատասխանատուն իր թիմն է, և «Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ-ն պատասխանատու չեն, թեև ունեն նախարարներ:

Մի կողմից՝ նա պատասխանատվությունից ազատում է Ծառուկյանին ու ՀՅԴ-ին, մյուս կողմից՝ իրեն է, փաստորեն, ազատում նրանց առաջ, այսպես ասած, պարտքից: Ըստ էության, այդ իմաստով Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը լիովին նախընտրական տրամաբանությամբ ելույթ էր, և կառավարության ծրագիրն այս իմաստով լինելու է դե ֆակտո նախընտրական ծրագիր և բացառիկ այն իմաստով, որ դա առաջին նախընտրական ծրագիրը կլինի, որն ընտրողին կներկայացվի ոչ թե միայն թղթի վրա, այլ կոնկրետ իրականացման ռեժիմով, գործի տեսքով: Այլ հարց է, թե ինչ տեսք կունենա գործը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ