Մենք գնում ենք պահանջելու կաթողիկոսի հրաժարականը
Երեկ Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում Տեր Կորյուն աբեղա Առաքելյանն հայտարարեց, որ հարգելով հոգևոր դասի խնդրանքը, ընդառաջելով նրանց, իրենք հունիսի 7-ին ժամը 13:00-ին գնալու են կաթողիկոսին լսելու, բայց հստակ ասաց նաև, որ իրենք չեն պատրաստվում որևէ զիջումների գնալ. «Մենք գնում ենք պահանջելու կաթողիկոսի հրաժարականը և ոչ թե ինչ-որ բանակցություններ վարելու նրա հետ: Եթե նա հրաժարական չտա, մենք ավելի ուժեղ թափով ենք շարունակելու ենք մեր պայքարը»,-ասաց նա:
Արևմտյան Եվրոպայի հայրապետական թեմի հոգևոր հովիվ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը, ով նույնպես բողոքի ցույցի համախոհներից է: Նա նշեց, որ ինքը բազմիցս կաթողիկոսին հորդորել է դուրս գալ և խոսել երիտասարդների հետ, քանի որ նրանք այդպես հոգևոր աջակցություն կզգան և մոտ կլինեն եկեղեցուն, բայց վերջինս երբեք այդպես չի վարվել. «Ասում էի՝ մեր երիտասարդությունը չտեսնելով մեր եկեղեցուց հոգևոր սնունդ, գնում և ընկնում է տարբեր աղանդների գիրկը, բայց ապարդյուն էր ամեն ինչ: Հիմա մենք կարիք ունենք աղոթող, Աստված ճանաչող կաթողիկոսի»,-ասաց նա:
Իր ելույթում Տեր Արմեն քահանա Մելքոնյանը շեշտեց, որ այս ամենի ամենամեծ մեղավորը առաջին հերթին ժողովուրդն է, ապա նոր միայն կաթողիկոսը, որովհետև ժողովուրդը միշտ լռել է և խոնարահաբար կատարել է իրեն թելադրված պահանջները. «Գարեգին Բ-ն պետք է իմանա, որ այս ժողովուրդը այլևս ոչխար չէ, այլևս գիտակից է, և այս եկեղեցին, որին հավատում է ժողովուրդը, արդեն հենց ժողովրդին է պատկանում»,-եզրափակեց իր ելույթը Տեր Արմեն քահանա Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին, ժամը 18։30-ին Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում՝ կաթողիկոսի երևանյան նստավայրի դիմաց բողոքի ակցիա էր հրավիրվել «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժումը, որի անդամները պահանջում են Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը, ինչպես նաև կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացում Հայաստանում։ Գարեգին Բ կաթողիկոսը բողոքի ակցիայի մասնակիցներին հրավիրել է հանդիպման: Հանդիպումը տեղի կունենա այսօր՝ ժամը 13:00-ին: