03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Այդ երեխաները մեղավոր չեն, որ այստեղ որևէ մեկը կասկածում է նախորդներին. Փաստ

Երեկ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իմ Հայաստան», «Արի տուն», «Ամառային ճամբար» ծրագրե­րի հետաձգման մասին: Բացի այդ, նա նշված ծրագրերի ծախսերի առումով որոշ կասկածներ հայտնեց: Նախարարի կողմից բարձրացված կասկածների շուրջ թերթը փորձե­լ է պարզաբանում ստանալ սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Ֆիրդուս Զաքարյանից:

«Ցանկացած գործողություն, որն արվում է, կարելի է կասկածել: Եթե կասկածներ կան, կարելի է աուդիտ անել և շատ բաներ պարզել: Մանավանդ, որ նախարարը չա­սաց, որ հարյուր տոկոսով վստահ է: Ասաց, որ դա ավելի շատ կարծիք է, որը հետագա­յում ճշտման կարիք ունի: Համենայն դեպս, ես մի փոքր ափսոսում եմ: Ճիշտ է, ասվեց, որ ժամանակավոր է կասեցվում, բայց, այդուհանդերձ, օրինակ՝ «Արի տունը»-ը, թե­կուզև ժամանակավորապես, բայց չպետք է կասեցվեր: Մանավանդ, որ շատ երեխա­ներ արդեն տոմսերն առած սպասում են: Այդ երեխաները մեղավոր չեն, որ այստեղ որևէ մեկը կասկածում է նախորդ աշխա­տողներին:

«Արի տուն» ծրագրի սննդի առումով 4000 դրամի օրինակ են բերել: Իրականում 4000 դրամի մասին խոսք լի­նել չի կարող: «Արի տուն» ծրագրի դեպքում խոսքը 2100 դրամի մասին է, որը շատ նորմալ է: Մեզ նույնիսկ քննադատել են, թե ինչու ավելի ճոխ չեք անում: Բայց նորմալ սնունդ է տրվել, և չեմ կարծում, թե «Արի տուն» ծրագրի երեխաները դժգոհ են եղել: Անգամ, եթե կասկածում են, ապա այդ կասկածը ծրագիրը կասեցնելու հիմք չպետք է տար: Ես ողջունում եմ նախարա­րին՝ բնական է, պետք է աուդիտ էլ անի, բայց այսպես ամեն ինչի վրա համատա­րած կասկած սփռել ու ծրագիրը հետաձ­գել… Ես ափսոսում եմ: Եթե ասուլիս են անում, պետք է հստակ լինեն: Պետք չէ սև­ացնել նախորդների աշխատանքը: Ես նման ասուլիս չէի անի»,-թերթի հետ զրույցում ասաց նախկին պաշտոնյան:

Նա շեշտեց, որ եթե խոսվում է կոնկրետ «Արի տուն» ծրագրի մասին, ապա պետք է հստակ ասել, որ 2100 դրամ է ծախսվել սննդի վրա. «Հաշվի ենք առել երեխաների տարիքը, մի քիչ կոպիտ եմ ասում, բայց հաշվի ենք առել նաև «ստամոքսը»: Իսկ երբ ԱԱՀ֊ն հանում ես, այդքան մեծ գումար չի լինում՝ 1800 դրամ է կազմում: Իսկ ինչ վերաբե­րում է «Իմ Հայաստան», «Ամառային ճամ­բար» ծրագրերին, որին նաև տարիքով մար­դիկ են մասնակցել, այդ գումարն ավելի մեծ է եղել: Ճիշտ է, նախարարն ասաց, որ թվերն օրինակ է բերում, բայց օրինակն էլ պետք է այնպես բերել, որ հստակություն մտցվի ու մարդիկ իրենց կարծիքներում կամ կասկածներում ավելորդ ծայրահեղություն­ների մեջ չընկնեն»:

Ֆիրդուս Զաքարյանը նշեց, որ չի վիճար­կում դիրքորոշումները, բայց միևնույն ժա­մանակ ընդգծեց. «Գոնե այնպես ենք արել, որ հայրենիքից գոհ գնան: Նայած, թե յուրա­քանչյուր գործողության ինչ տեսանկյունից ես նայում: Կարելի է և արդարացնել, և’ պախարակել»:

Նախարարը նաև տրանսպորտի ծախսն էր կասկածելի համարելու նշել, որ «Սփյուռ­քի ամառային դպրոց» ծրագրի մասնակից­ներին հյուրանոցից մինչև պետհամալսա­րան երկկողմանի տեղափոխելու համար նախարարությունը վճարել է 1300 դրամ, այ­նինչ նշված կետերի հեռավորությունը չի գերազանցել անգամ 1.5կմ-ը:

Անդրադառնալով հայտարարությանը՝  մեր զրուցակիցը նշեց. «Իրականում մենք հա­մալսարանից տարել ենք պտույտների: Մենք այսօր չենք կարող մանրանալ ու ասել, թե ուր ենք տարել, բայց եղել են նաև դեպքեր, որ խումբը խնդրել է տանել այսինչ տեղը, օրինակ՝ էջմիածին: Այնպես որ՝ միշտ կարե­լի է արտաքնապես մեծ կասկած առաջաց­նել, բայց խորանալ ու տեսնել, որ գործողու­թյունները եղել են տրամաբանության սահ­մաններում: Ես խաղաղ իշխանափոխությունը ողջունողներից մեկն եմ, բայց դա չի նշա­նակում, որ ծրագրերի իրականացման շա­րունակականությունը պետք է խախտվի: Ես շատ եմ ափսոսում, որ ծրագրերի շարունա­կականությունը խախտվում է կամ շեղվում: Սփյուռքի համար ամենևին էական չէ, թե ով ում է կասկածում՝ ծրագրերը պետք է շարու­նակվեն:

Մենք Սփյուռքի հետ գործ ունենք: Բայց հիմա թացն ու չորը լրիվ խառնվեց իրար: «Արի տունը» մեր, այսպես ասած, երեխան է եղել: Տարիների ընթացքում փայ­փայել ենք, զարգացրել, այն մոտեցրել է երի­տասարդությանը, Հայաստանն ու Սփյուռքը: Մեկ-մեկ էլ քննադատում են ու ասում՝ ի՞նչ ծրագիր է, գալիս ու գնում են, պետք է գային ու մնային: Բայց այն հայրենաճանաչության ծրագիր է և ծառայել է իր նպատակին: Ծրա­գիրը պետք է շարունակական լինի, իսկ աուդիտը, այո, պետք է անել, բայց ոչ հետաձգել ծրագիրը»:

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ