Շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի. Աննա Հակոբյան
«Հայկական ժամանակ» թերթի խմբագիր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի կարծիքով՝ օրինականություն հաստատելու ջանքերը նկատելի են, բայց եթե մինչև հիմա տեսանելի չէ, դա միգուցե պայմանավորված է անցումային փուլով: «Վստահ եմ՝ շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի»,-ասաց նա այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Մեկ այլ ուսանողի հետաքրքրում էր, թե ինչ վերաբերմունք ունի Հանրային հեռուստաընկերության գործունեության վերաբերյալ հեղափոխությունից հետո, հատկապես որ հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե երկիրը գտնվում է բլոկադայի մեջ, և այդ ուղղությամբ փոփոխություն պետք է լինի, մինչդեռ, ըստ ուսանողի, նկատելի է, որ Հանրային հեռուստաընկերությունում ոչինչ չի փոխվել:
Աննա Հակոբյանը ներողություն խնդրեց և հավելեց, որ հարցն իր իրավասությունների շրջանակում չէ: «Նույնիսկ, որպես ոլորտի մասնագետ, ճիշտ չի լինի կարծիք հայտնել Հանրայինի գործունեության մասին, դա քաղաքական հարց է, և դրա հասցեատերը վարչապետն է»,-ասաց նա:
Հարցին, թե հանրային որևէ դժգոհություն, որն ուղղված է ներկայիս իշխանություններին, իր արձագանքը գտե՞լ է «ՀԺ» օրաթերթում, Աննա Հակոբյանը պատասխանեց, որ, ցավոք, դեռևս չի հասցրել վերադառնալ «ՀԺ» խմբագրություն և աշխատել ամբողջ ռեժիմով, նույնիսկ չի էլ հասցնում ընթերցել օբյեկտիվ ծանրաբեռնվածության պատճառով:
«Բայց ես խոստացել եմ ընթերցողներին, հիմա էլ շարունակում եմ խոստանալ, որ «ՀԺ»-ն լինելու է ամենաազատ ու անաչառ լրատվամիջոցը»: