Վիկտոր Սողմոնյանը տեղեկություն չունի, թե Քոչարյանը կարող է հրավիրվել հարցաքննության
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մամուլից է տեղեկացել այն լուրերի մասին, թե հնարավոր է Ռոբերտ Քոչարյանը «մարտի 1»-ի գործով հրավիրվի հարցաքննության: «Ես ոչ մի տեղեկություն չունեմ՝ դրա հետ կապված: Ես ինքս կայքում եմ կարդացել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հարցին, թե եթե դատախազությունը հրավիրի հարցաքննության, կգնա՞ արդյոք Ռոբերտ Քոչարյանը, Վիկտոր Սողմոնյանն արձագանքեց. «Ես չեմ ուզում դա հիմա քննարկել, մենք հիմա խոսում ենք մի տեղեկատվության մասին, որ ենթադրության հիման վրա է ընդամենը»:
Հիշեցնենք, որ այս տարվա Մարտի 1-ին ԱԺ ԵԼՔ խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի գործին կցվի «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին» Փաստահավաք խմբի զեկույցը, ինչպես նաեւ քրեական գործի շրջանակներում հարցաքննվի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Դատախազությունը, սակայն Փաշինյանի դիմումի միայն մի կետին էր ընթացք տվել, իսկ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու մասով նշել էր, թե դրա համար հիմքեր չկան:
Նիկոլ Փաշինյանի դիմումին արձագանքել էր նաեւ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Վերջինս հայտարարել էր, թե Մարտի 1-ի գործով գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Նիկոլ Փաշինյանն է: «Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի.
«Մարտի 1»-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում «Մարտի 1»-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը», – ասել էր Սողոմոնյանը: