Իմ դեմ սկսած պայքարը ոչ թե դեմոկրատիա է, այլ հաշվեհարդար` քաղաքական կուսակցության պատկանելու համար. ԵՊՀ ռեկտոր
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի աշխատասենյակում տեղի ունեցավ հանդիպում նրա և լրագրողների միջև:
Ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ իր դեմ սկսած պայքարը ոչ թե դեմոկրատիա է, այլ հաշվեհարդար` քաղաքական գաղափարների և քաղաքական կուսակցության պատկանելու համար .«Ես կարող եմ հայտարարել, որ մարդ եմ, ով հալածվում է քաղաքական հայացքների համար: Ես բռնության միջոցով ոչ մի զիջման չեմ գնալու: Ես կարող եմ միայն կամավոր գնալ ռեկտորի պաշտոնը թողնելու քայլին»:
Այն հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել ռեկտորը իր դեմ հնչած այն մեղադրանքների պարագայում, թե այս 10 տարիների ընթացքում ոչինչ չի արել ԲՈՒՀ-ի համար, վերջինս պատասխանեց, որ ուսանողները նշում են բացթողումները, բայց չեն ուզում դրանց կողքին նշել այն բոլոր դրական տեղաշարժերը, որ արվել է. «Համալսարանի ռեկտորի աշխատանքը շատ ծանր և անշնորհակալ աշխատանք է»:
Այն դիտարկմանը, թե 15700 ուսանողից քանիսի ստորագրության դեպքում ռեկտորը կնրկայացնի իր հրաժարականի դիմումը, Արամ Սիմոնյանը պատասխանեց, որ 2000 ուսանողի ստորագրահավաքի դեպքում կմտածի այդ ուղղությամբ. «Ես ինքս պետք է որոշեմ հրաժարական տալ, թե ոչ: Ինձ վրա ճնշում գործադրել չեն կարող, եթե նման բան լինի ես չեմ գնալու զիջման»;
ԵՊՀ Ռեստարտ նախագծի մասնակիցները նստելով ռեկտորի աշխատասենյակի առաջ ասում էին, որ չեն պատրաստվում լքել տարածքը մինչև չհասնեն իրենց ուզած արդյունքին և վանկարկում էին «Ազատ, անկախ ուսանող» կարգախոսը:
Ներկաների մեջ կային նաև այլ ԲՈՒՀ-երի ուսանողներ: Հարցին` որն է պատճառը, որ եկել են այստեղ և պահանջում են Արամ Սիմոնյանի հրաժարականը, վերջիններս պատասխանեցին. «Ուզում ենք, որ սոլիդարություն լինի: Մի բան պարզ է համակարգը պետք է մաքրվի, և մենք ամեն կերպ պետք է աջակից լինենք այս քայլին»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ուսանողների և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի միջև տեղի էր ունեցել հարցուպատասխան, որի ժամանակ ուսանողները ներկայացրել էին այն բացթողումները, թերությունները և դժգոհությունները, որոնք եղել են Արամ Սիմոնյանի ԵՊՀ ռեկտոր լինելու այս 10 տարիների ընթացքում: