26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Խորը հիասթափություն է սպասվում

Հասարակության շրջանում կոռուպցիոն սենսացիոն բացահայտումների ակնկալիք կա, մարդիկ ուզում են տեսարան, իսկ այդ տեսարանը ստանալը շատ դժվար է, եթե չասեմ՝ անհնար։ Իմ այդ կարծիքը հիմնավորելու համար կա երկու կարևոր գործոն․ 

1․ Ինչքան էլ իներցիայով խոսվի այն մասին, որ նախորդ կառավարությունը կոռումպացված էր, պետք է փաստենք, որ գոնե ինձ հայտնի պետական ապարատի ստորին, միջին և իմ հետ առնչված բարձր օղակներում վերջին տարիներին կոռուպցիոն ռիսկերը խիստ նվազեցված էին։ Դրան նպաստում էր նաև այն, որ երկրում կտրուկ պակասել էր միջին խավի դրամային շրջանառությունը, այլ կերպ ասած՝ փող չէր ֆռում, իսկ ավելի կոպիտ ասած՝ տվողն էլ չկար, ինչ մնաց վերցնող լիներ։ Իմ կարծիքով՝ հեղափոխության պատճառներից մեկն էլ այն էր, որ ցածր աշխատավարձերի և կողմնակի եկամուտների նվազման, ընդհուպ դրանց վերացման պատճառով պետական ապարատը փաստացի դուրս էր եկել վերահսկողությունից։

Այս խնդիրն ունենալու է նաև այս կառավարությունը, քանի որ լավ աշխատոսղ ոստիկան, դատախազ կամ ուղղակի քաղծառայող ունենալու համար պետք է նրան լավ վարձատրել, իսկ այսօրվա վիճակում 4 հոգանոց ընտանիքը նորմալ պահելու համար պետք է գոնե 400 հզ դրամ։ 

2․ Խոշոր տնտեսվարողները կամ ենթադրաբար կոռուպցիոն մեխանիզմներով աշխատած անձինք իրենց մոտ ունեն բարձր վարձատրվող լավ իրավաբաններ, ասեմ ավելին՝ օրենքները մշակվել են շատ հաճախ հենց այդ մարդկանց միջամտությամբ ու ապացուցել, որ պետությանը հասցվել է միլիարդների վնաս, կամ գործել է կոռուպցիոն սխեմա՝ շատ դժվար է։ Բերեմ հասարակ օրինակ․ մեզ հայտնի Կառգոների գործով, եթե նշյալ անձը բողոքարկի ու սկսի ձգձգել գործով մեղադրանքի քննությունը կամ ամբողջությամբ հետ տա իրեն առաջադրված մեղադրանքի գործով գումարի չափը, ապա քրեական պատասխանատվությունից ազատվում է։ Իսկ տեսեք, թե ինչքան փոքր գումարի մասին է խոսքը թեկուզ այս գործով։ Մարդիկ միլիարդավոր դոլարների ակնկալիք ունեին, բայց խոսքը, եթե չեմ սխալվում, մինչև 7 մլն դոլարի մասին է։

Ասելիքս այն է, որ եթե ամեն ապացույցի ստացում, քննություն և դատաքննություն լինելու է բացառապես օրենքի տառին համապատասխան, իսկ այս կառավարությունը միշտ հայտարարել է դրա մասին, ապա հասարակության այն հատվածին, որը սպասում է խոշոր ձկների ձերբակալություններ, իսկ որ ամենակարևորն է, միլիարդների ներհոսք դեպի պետական գանձարան, խորը հիասթափություն է սպասվում։ Նույնը՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սիթիների» ենթադրյալ գործով։

Օրենքը չի արգելում թեկուզ և 1000 ԱՁ-ներով աշխատելը, կամ երկարատև դատական քաշքշուկները կարող են հիասթափության հանգեցնել։ Ես գրում եմ սա, քանի որ չեմ ուզում տեսնել մեր ժողովրդին հիասթափված, պետք է համբերել ու կամաց-կամաց առաջ գնալ, թռիչքային աճ չի լինի, ռեսուրս չկա։

 Զոհրապ Եգանյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ