16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Շարժվենք Սպարապետ Վազգեն Սարգսյանի «Միասնությունը սարեր շուռ կտա» կարգախոսով. Գեներալ Մանվել

Երկրապա՛հ հայ ժողովուրդ.

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահ կամավորականների և իմ անունից շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ, շնորհավորում եմ մեծ հարյուրամյակի կապակցությամբ՝ Հանրապետության հռչակման, Սարդարապատի, Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի հարյուրամյակների:
20-րդ դարը հայ ժողովրդի համար նշանավորվեց անկախության հռչակմամբ, որը շնորհ չէր, ինչպես ոմանք կամենում են ներկայացնել: Հայոց պետությունը ձեռք բերվեց ծանր մաքառումների, զրկանքների և մինչեւ ատամները զինված նենգ ոսոխի նկատմամբ վճռական պատերազմի, մեր ազգի արիության շնորհիվ:
Հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ, իր միասնությամբ և երկրապահ, մարտնչող զավակների արյան գնով 1915թ. ցեղասպանությունից հետո 1918թ-ին կերտելու Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնք որոշիչ դարձան երկրի ու ժողովրդի համար և ազդարարեցին Հայոց պետականության վերականգնման մասին:
1918թ. մայիսյան դասերը գալիս են Ավարայրից, անցնում Հայոց պատմության քառուղիներով և հասնում Արցախյան գոյամարտին: Ի դեպ, Սարդարապատի հերոսամարտին Արցախից առանձին գումարտակ էր մասնակցում: 1918թ. անկախության խորհուրդը 1991թ. սեպտեմբերի 21-ի մեջ է,  մեր նորօրյա հաղթանակների ու նվաճումների մեջ է: Եղեռնից հետո Սարդարապատ երկնած ժողովուրդն անպայման պիտի պատմական ներդրում ունենար Հայրենական մեծ պատերազմում  խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի մեջ, ձգտեր անկախության և իր պատմական տարածքների ազատագրումն ունենար, ունենար պետության ու եկեղեցու կողմից ճանաչված  Երկրապահի օր, Երկրապահ կամավորականին պետականորեն ճանաչեր որպես արժեհամակարգ, ունենար ազատ, անկախ Արցախ: Փա՛ռք Աստծո, այսօր ունենք կայացած, հզոր Հայաստան, ունենք ամուր պաշտպանված Արցախ եւ կարողանում ենք երաշխավորել մեր ինքնիշխանությունը, տարածքների ամբողջականությունն ու երկրի անվտանգությունը: Դրա վառ ապացույցն էր նաև կազմակերպված հուժկու հակահարվածը, որ հայոց բանակն ու երկրապահ կամավորականությունը հասցրին նենգ ոսոխին ապրիլյան լայնամասշտաբ հարձակումից հետո:
1918-ի մայիսյան հերոսամարտերին մասնակցել են մեր պապերը, մեր նախնիները, և մենք պարտավոր ենք տեր կանգնել նրանց ժառանգությանը: Անձամբ ես էլ Սարդարապատի հերոսամարտի մասնակից հարազատ եմ ունեցել և պարտքս եմ համարել նրա գործն Արցախում շարունակելը:
Հայ ժողովուրդը մշտապես մարտնչել է` որպես զենք ու դրոշ ունենալով հավատը: Հայոց հոգեւոր հայրերը, Ավարայրից սկսած, առաջնորդել են հայ ժողովրդին ե՛ւ խաղաղության մեջ, ե՛ւ պատերազմի դաշտում: Սարդարապատի հերոսամարտն սկսվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանցի վճռական պահվածքով, երբ նա հայտարարեց, որ սուր կվերցնի եւ կզոհվի Մայր տաճարի գավթում, բայց չի լքի սուրբ Էջմիածինը:
Այսօր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շարունակում է հայոց վեհափառների գործը` տեր կանգնելով հայոց պատմությանն ու հայ կամավորականության, հայոց բանակի ու երկրապահի նվաճումներին:
Մեր սրբազան պարտքն է ամուր պետականությամբ, միասնականորեն աշխարհին լսելի դարձնել պահանջատիրական մեր ձայնը:
Փառք տալով մեր հերոսածին մայրերին` գլուխ խոնարհենք բոլոր ժամանակներում անկախությանն ու ազատությանն իրենց կյանքը նվիրած մեր բազում նահատակների հիշատակի առաջ:
Երկրապահը միշտ ապացուցել է և այսօր էլ վճռականորեն ապացուցում է, որ տեր է երկրին, պետությանը, տեր է մերօրյա ազգային զարթոնքին: Միասնաբար, ազգովի պետք է երաշխավորենք զարթոնքի շարունակականությունը: Շարժվենք Սպարապետ Վազգեն Սարգսյանի «Միասնությունը սարեր շուռ կտա» կարգախոսով: Երդվենք արժանավայել պահել ու սերունդներին փոխանցել մեր պատմության փայլուն էջերի խորհուրդները: Միասնությամբ տեր կանգնենք մեր ժողովրդի պատմությանն ու նվաճումներին, ապրենք եղածը պահպանելու և եկող սերունդներին` երիտասարդ ու պատանի երկրապահ կամավորականներին փոխանցելու վճռականությամբ:
Շնորհավորում են համայն հայությանը: Շնորհավորում եմ Անկախության ու Սարդարապատի  խորհուրդն ընկալող յուրաքանչյուր հային և մաղթում միասնություն, քանզի մեր բոլոր նվաճումները մեր միասնության ու կայունության արդյունքն են:
ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Զորավար      Մանվել Գրիգորյան
 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ