25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժի ժամանակ ու Սերժից հետո

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մշակութային գործիչների հետ, սակայն ինձ համար այդպես էլ անհասկանալի է մնում՝ ի վերջո հենց մշակույթի մարդիկ ո՞ւր էին այդ հանդիպման ընթացքում։ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում անցկացված հանդիպումը վերածվեց Փաշինյանի գովքի փառատոնի, ու հերթական անգամ ի ցույց դրվեց հայկական մշակույթի գործիչների պատուհաս լինելը պետության ու իշխանության համար։ Եթե կհիշեք, նույն բանը տեղի էր ունենում նաև Սերժ Սարգսյանի օրոք, ու ամեն անգամ նախագահականում տրվող հուշամեդալների արարողությունից հետո համացանցում ու մամուլում մի այնպիսի հիասթափություն էր սկսվում, որից հետո հասարակությունն իշխանությունների հանդեպ բարկությամբ էր լցվում։ Անկեղծ ասած՝ հենց դա էլ երևի թե Սարգսյանի հրաժարականի պատճառ հանդիսացավ կամ պատճառներից մեկը։ Լավ, հիմա էլ երկրում իրավիճակ է փոխվել, հիմա էլ կարծես թե ամեն ինչ լավ է, սակայն մեր մշակույթի ու արվեստի ներկայացուցիչները շարունակում են դաժանորեն ու ինտենսիվ քծնել հիմա էլ արդեն գործող իշխանություններին։ Սա ի՞նչ է նշանակում․ հիմա Սե՞րժն էր սրա մեղավորը, թե՞, ի վերջո, մեր հասարակությունն է հիվանդ։ Լավ, ինչպես կարող է իր էությամբ ըմբոստ մարդը լինել իշխանամետ, քծնել ստորաքարշորեն նոր-նոր ձևավորված իշխանություններին։

Նիկոլ Փաշինյանը լուրջ կարիք ունի իրականության հետ առերեսվելու ու այս տեսակ մարդկանց հեռու պահելու իր շրջապատից։ Ամենևին չենք ասում, որ մշակույթը, մտավորականությունը պետք է անպայման ընդդիմադիր լինեն, բայց խնդիրը հետևյալն է․ պետությունը քաղաքացուն, ընդ որում՝ ազատ մտածող քաղաքացուն մշտապես փորձում է դնել սահմանների մեջ (համարժեք նրան՝ պայմանական մտավորական), հետևաբար քաղաքացին պետք է ամեն կերպ սրան բնականորեն դիմադրի։ Եթե նա դադարում է դիմադրելուց, նշանակում է՝ նա դադարել է կենսունակ լինելուց, ուրեմն՝ պետության օրգանիզմը հիվանդ է, ու դրան լուծում է պետք։ Դատելով այսօր դահլիճում տեղի ունեցող քննարկումներից՝ այդ օրգանիզմի առողջացման համար անհրաժեշտ է վիրահատական միջամտություն, ու ինչքան շուտ հասկանա Նիկոլ Փաշինյանն այս ամենը, այնքան ավելի լավ իր համար։

Գրիգոր Սաղաթելյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ