Հնարավոր է խուսափել գնաճից. Իրավունք
՛՛Իրավունքը՛՛ ներկայացնում է հարցազրույց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի հետ:
-Ըստ վերջին շրջանում տարածված խոսակցությունների՝ ՄՄ-ին անդամակցելուց հետո երկու անգամ թանկանալու է հատկապես դեղորայքը եւ շաքարավազը, որքանո՜վ են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը:
-Միանշանակ կարող եմ ասել, որ այսօրվա վիճակով մենք նման տեղեկատվություն չունենք, որ անպայման որեւէ ապրանքի գին բարձրանալու է: Ապրանքատեսակների մաքսային դրույքաչափերի ցանկը կհաստատվի առաջիկա մեկ- երկու ամսվա ընթացքում: Բայց պետք է ասեմ, Մաքսային միություն մտնելու դեպքում երրորդ երկրներից Հայաստան ներկրվող ոչ բոլոր ապրանքները կթանկանան, քանի որ ոչ բոլոր ապրանքների մւսքսատուրքերն են փոփոխվելու, ապրանքների մեծ մասը, որոնք ՀՀ ներմուծվում են երրորդ երկրներից, ՄՄ-ին միանալու դեպքում կամ կփոխարինվեն տեղական արտադրանքով, կամ ՄՄ տարածքի արտադրանքով, որն էլ թույլ կտա
ցածր գնաճ ապահովել:
-Հաշվարկներ չեք արել, թե գնաճը որքանով կավելանա:
-ՀՀ-ում հիմա էլ գնաճ կա հինգ տոկոսի շրջանակներում, բայց արտառոց գնաճեր հաստատ չեն լինելու: Մենք կարող ենք ունենալ 1,5 տոկոս մաքսիմալ հավելյալ գնաճ: Դա այն դեպքում, եթե ոչ մի բացառություն չլինի, եթե ոչ մի ապրանք չփոխարինվի այլ ապրանքով, ոչ մի էլաստիկություն չաշխատի: Գները կավելանան, բայց ոչ այնքան, ինչքան մաքսատուրքն է:
-Որ ապրանքատեսակների մասին է խոսքը, որոնք կարող են թանկանալ Մաքսային միության տարածքում:
-Չեմ կարող ասել, որովհետեւ ցանկն օրական փոխվում է. մենք տարբեր ցանկեր ենք ունեցել, եւ քննարկումների արդյունքում անընդհատ ցանկերը փոխում ենք: Այսինքն’ լինում են առաջարկներ, քննարկումներ: Ամենօրյա աշխատանք ենք տանում: Կարող եմ ասել, որ մեր աշխատանքի ամբողջ դժվարությունը, գործարարների հետ տարվող երկար աշխատանքը հենց դրանում է կայանում, որ հասկանանք, թե որոնք են այդ ապրանքատեսակները: