Փոփոխությունը դրական կազդի մարդկանց սոցիալական վիճակի վրա.«Վարորդի ընկեր» հ/կ նախագահ
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածը, իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից:
«Դեռևս 2015 թվականից ես հորդորել եմ , որ ոստիկանությունն այդ քայլն անել, որովհետև եթե տվյալ քաղաքացին երթևեկությանը խոչընդոտ չի հանդիսացել, վտանգ չի ստեղծել հետիոտների համար, սխալ է նրանց վարչական պատասխանատվության ենթարկելը»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Վարորդի ընկեր» հ/կ նախագահ Տիգրան Քեյանը:
Փաստաբան Գագիկ Մելիքյանն էլ նկատում է , որ այդ տուգանքները ոչ միայն խնդիր էին առաջացնում վարորդների համար, այլև՝ նպաստում էին, որ դատարանները գերծանրաբեռնվեն: Նրա խոսքով, դատարաններում բազմաթիվ գործեր վերաբերում էին հենց այդ տուգանքներին:
«Իմ իրավապաշտպանը» հ/կ նախագահ Քրիստ Հովսեփյանն էլ նշում է , որ որոշ դեպքում վարորդները կողմ են տվյալ օրենքի գործածմանը, որոշ դեպքերում՝ ոչ. «Այստեղ նշվում է, որ թարթիչի և ծխելու պարագայում վարորդները պետք է զգուշացվեն, ոչ թե՝ տուգանվեն, բայց դա հենց կարող է ստեղծել վթարային իրավիճակ: Այո, դատարանները ծանրաբեռնված էին, ու կարելի է դրական համարել սա այդ առումով, բայց պետք է հստակ կանոնակարգվի այս ամենը»: