25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պերմանենտ իշխանափոխությունների վտանգը

Երևանը և Հայաստանը տարբեր երկրներ են: Եթե Երևանում ամեն ինչ շարժման մեջ է, մարզերում ոչինչ չի փոխվել: Նոր պաշտոնյաները սկսում են ինքնարտահայտվել և որքան շատ են խոսում, այնքան հաստատում են չգիտեմ որ ժողովրդի իմաստուն խոսքը, որ լռությունը ոսկի է: Բայց նորերը ոչ միայն ոսկու հարգը չգիտեն, այլև` խոսքի:

Միանշանակ է, որ նրանք ունեն փոփոխությունների բուռն ձգտում և իրենց համարում են այդ փոփոխությունների առաքյալներ: Եվ այդ ձգտումը ճիշտ է ու արդարացի: Ամբողջ խնդիրը` ինչը ինչով փոխելն է: Սփյուռքի նախարարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, ԿԳ նախարարի հայտարարությունները լայն արձագանք գտան սոցցանցերում ու, ի վերջո, այն տպավորությունն է, որ բոլորը մնացին իրենց կարծիքին: Այսինքն` հասարակության երկփեղկվածություն կա, որ կարող է ոչ միայն չվերանալ, այլև` խորանալ:

Կոալիցիոն կառավարության անդամների, հետո նաև ԱԺ նոր պատգամավորների երդումից հետո երեկ քաղաքական կյանքը վերադարձավ խորհրդարան` ԱԺ հերթական քառօրյան էր, որի ժամանակ հնչեցին քաղաքական հայտարարություններ: ՀՀԿ-ն առաջին անգամ ընդդիմադիրի դերում էր:

Իսկ քաղաքական օրակարգի ամենակարևոր հարցը մնում է արտահերթ ընտրությունների անցկացումը: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ժամկետներ չի նշում: «Մենք ասել ենք, որ երկիրը պետք է պատրաստել արտահերթ ընտրությունների: Այո, մեր առաջնահերթությունը արտահերթ ընտրություններն են, առաջնահերթություններից մեկը:

Բայց դրան պետք է պատրաստել, օրինակ, Ընտրական օրենսգիրքը, օրինակ, վարչարարական գործը՝ ֆունկցիոնալ առումով, հանձնաժողովները էն տեսքով, էն տեխնիկական հագեցածությամբ և պայմաններով, որ հիմա կան»` սա է նրա կարծիքը: Եվ որպես հաստատում իր խոսքերի` նա տեղեկացրել է, որ արդեն բազմաթիվ մասնագետների հետ են խորհրդակցում, որ հասկանան, թե ե՞րբ կարող են պատրաստ լինել ընտրությունների: 6 ամսից մինչև 1 տարի ժամկետ է նշվում և արձանագրվում է` անվերջ ձգվել չի կարող:

Ինչո՞վ է պատասխանում ընդդիմադիր ՀՀԿ-ն: Էդուարդ Շարմազանովն արտահերթ ընտրությունների անցկացման իրավական և քաղաքական հիմքեր չի տեսնում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այս տարի արտահերթ ընտրություններ անցկացնելու հավանականության մասին, նա ասել է. «Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, մեր երկրում 5 ամիսը մեկ կարող է  քաղաքական իրավիճակ փոխվել, և մենք ստիպված լինենք ամեն անգամ արտահերթ ընտրություններանցկացնել: Կքննարկենք, կտեսնենք:

Ամեն ինչի համար պետք է լինի քաղաքական և իրավական հիմնավորում: Ես այս պահին դա չեմ տեսնում»: Թեպետ մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն ընդդիմություն է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, գոտկատեղից ներքև հարվածներ չեն պատրաստվում հասցնել: Շարմազանովն ընդգծեց, որ իրենք լինելու են կառուցողական ընդդիմություն. «Մենք գործելու ենք բացառապես Հայաստանի ժողովրդի շահերից ելնելով»:

Առայժմ Հայաստանում բոլորը խոսում են, բայց գործնականում հասկանալի չէ` ի՞նչն է փոխվում ու փոխվու՞մ է իրոք: Միակ տեսանելին, որ ՀՀԿ-ին գալիս է փոխարինելու «Քաղաքացիական պայմանագիրը»` համարելով, որ հեղափոխությունն ինքն է արել, ինքն էլ պիտի որոշումներ կայացնի ու կատարի: Համերաշխության ու սիրո հեղափոխությունից հետո եկել է հետհեղափոխական տաղտուկը, որտեղ սերն ու համերաշխությունը անհետանում են ու ի հայտ են գալիս իշխանատենչությունը բոլոր մակարդակներում:

Իրականում Հայաստանում երկիշխանություն է` ՀՀԿ-ն պահում է մեծամասնությունը ոչ միայն ԱԺ-ում, ՀՀԿ-ական են համայնքների ղեկավարների գերակշիռ մեծամասնությունը: Ընտրովի մարմիններում` Գլխավոր դատախազություն, ԿԸՀ, ՀՀԿ-ի նշանակած մարդիկ են պաշտոնավարում: Գործադիր իշխանությունը քաղաքական փոքրամասնությանն է, օրենսդիրն ու ՏԻՄ-ը՝ մեծամասնության:  Ու դա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել:

Փաստ, որ ՀՀԿ-ի օգտին է: Կասկած չկա, որ ՀՀԿ-ն կողմ կքվեարկի կառավարության ծրագրին և ոչ մի շանս չի տա ԱԺ-ն լուծարելու ու արտահերթ ընտրություններ անցկացնելու: ՀՀԿ-ն դեմ է ոչ միայն արտահերթ ընտրություններին, այլև` Ընտրական օրենսգրքի փոփոխությանը ու ռեյտինգային ընտրակարգը հանելուն: Եթե ՀՀԿ-ի բախտը բերի այնքան, որ չլինեն արտահերթ ընտրություններ և 2022-ին լուծվի իշխանության հարցը, շանսերը կհավասարվեն:

Նշենք, որ ԱԱԾ-ն բացահայտումներ ու ձերբակալություններ է խոստանում: Ի վերջո կկարողանա՞ նոր կառավարությունը պահել տնտեսությունը և աշխատատեղեր ստեղծել, կենսաթոշակ ու աշխատավարձ բարձրացնել` գոհացնել մարդկանց այստեղ ու հիմա, կհասնի հաջողության: Եթե ոչ, պերմանենտ իշխանափոխությունների վտանգը միշտ կա, երբ երկրում փաստացի երկիշխանություն է:

Արթուր Գասպարյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ