15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հարցեր սփյուռքի նախարարին

Սփյուռքի նախարարն առաջարկում է Սփյուռքի համար խորհրդարան ձևավորել Հայաստանում: 

Հարութ Սասունյան       

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Սփյուռքի նոր նախարար Մխիթար Հայրապետյանը, որն այդ պաշտոնում նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսի 11-ին, հայտարարել է, որ երկրորդ օրենսդիր մարմին է ստեղծվելու Հայաստանում`սփյուռքահայերին ներկայացնելու համար:

Սա գրավիչ գաղափար է, սակայն նորույթ չէ: Հետաքրքիր է, որ Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը 2011 թ. հունվարի 30-ին Լոս Անջելես կատարած իր այցելության ժամանակ հանդես եկավ համանման հայտարարությամբ, առաջարկելով ստեղծել Սենատ Հայաստանում, ի լրումն գոյություն ունեցող խորհրդարանի, որը մասամբ կներգրավեր սփյուռքահայերին:

2011 թ. նախարար Հակոբյանի հայտարարությունից օրեր անց ես խմբագրական գրեցի՝բարձրացնելով մի շարք հարցեր, որոնք վերաբերում են նաև այս ամսվա սկզբին Սփյուռքի նորանշանակ նախարարի արած առաջարկին:

Ամենակարևոր խնդիրն այն է, որ երկրորդ օրենսդիր պալատի ստեղծումը փոփոխություն է պահանջում ՀՀ Սահմանադրության մեջ, որն այնքան էլ հեշտ գործ չէ: Առանց նման փոփոխության Հայաստանի կառավարության կառուցվածքը չի կարող փոխվել: Հետաքրքիր է, Սփյուռքի նոր նախարարը չի նշել, որ իր առաջարկը կպահանջի սահմանադրական փոփոխություններ: Սա լուրջ խնդիր է, քանի որ Սահմանադրությունը վերջին անգամ վերանայվել է 2015 թվականին, և ոչ հավանական է, ոչ էլ ցանկալի, որ այն այդքան շուտ փոփոխվի: Նույնիսկ նորանշանակ վարչապետը խոստովանեց, որ սահմանադրության հաճախակի փոփոխումը լավ գաղափար չէ: Կարևոր է նաև նշել, որ չնայած Սփյուռքի նախկին նախարարի հայտարարությանը, երբ ՀՀ Սահմանադրությունը 2015 թ. վերջապես փոփոխվեց, դրանում չներառվեց Սփյուռքի համար երկրորդ օրենսդիր պալատի հայեցակարգը:

Քանի որ Սփյուռքի նորանշանակ նախարարը խնդրեց աշխարհասփյուռ հայերին իրենց տեսակետն արտահայտել իր նոր առաջարկի վերաբերյալ, ես կցանականայի մի շարք հարցեր բարձրացնել.

1)    Արդյոք ՀՀ կառավարությունը պատրա՞ստ է փոխել Սահմանադրությունը երկրորդ օրենսդրական պալատ ստեղծելու համար: Այլընտրանքային տարբերակը, որ չի պահանջի Սահմանադրության փոփոխություն, հնարավորություն կտա սփյուռքահայերին ներգրավել ներկայիս խորհրդարանում: Մի շարք երկրներ նման մեխանիզմ են ընդունել: Պետք է մանրամասն ուսումնասիրել, թե ինչպես են մյուս երկրները լուծել իրենց Սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությունը իրենց օրենսդիր մարմիններում:

2)    Ինչպիսի՞ն է լինելու նոր պալատի մանդատը: Արդյոք միա՞յն համահայկական հարցերի քննարկում, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայից պահանջները, Արցախյան հակամարտությունը և սփյուռքահայությանն առնչվող խնդիրները, թե՞ դա վերաբերելու է նաև Հայաստանի ներքին խնդիրներին: Նախարար Հայրապետյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ նոր պալատը կլինի խորհրդատվական, այլ ոչ թե որոշում կայացնող մարմին: Սա տարատեսակ հարցերի տեղիք կտա ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Արդյոք Սփյուռքահայերը կբավարարվե՞ն դժվարություններով ընտրել իրենց համայնքների ներկայացուցիչներին և անսահմանափակ ժամանակ ծախսել երևանյան հանդիպումներում, պարզապես Հայաստանի կառավարությանը խորհուրդ տալու համար, որը կարող է լսելի չլինել: Արդյոք Սփյուռքի ներկայացուցիչները շուտով չե՞ն կորցնի իրենց հետաքրքրությունը և չե՞ն դադարեցնի մասնակցությունը նման խորհրդատվական մարմնի հանդիպումներին: Մյուս կողմից, արդյոք Հայաստանի բնակիչները կողջունե՞ն որոշումներ կամ նույնիսկ խորհուրդներ այն հայերից, որոնք չեն ապրում Հայաստանում:

3)    Ինչպե՞ս են ընտրվելու նոր օրենսդիր մարմնի ներկայացուցիչները: Արդյոք նրանք կընտրվե՞ն իրենց աշխարհասփյուռ համայնքների կողմից, թե՞ կնշանակվեն Հայաստանի կառավարության կողմից: Իմ կարծիքով, Սփյուռքի ներկայացուցիչները պետք է ընտրվեն իրենց համայնքի անդամների կողմից, անկախ նրանից, թե որքան դժվար կլինի նման ընտրությունների կազմակերպումն ամբողջ աշխարհում: Հայաստանի կառավարությունը չպետք է ներգրավվի Սփյուռքում անցկացվող ընտրություններում: Հայաստանի կառավարության կողմից նշանակված կամ հայկական կազմակերպություններից ընտրված ներկայացուցիչները չեն կարող պնդել, որ իրենք իսկապես ներկայացնում են սփյուռքահայերին, քանի որ հանրությունը չի ընտրել նրանց: Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարները ներկայացնում են միայն իրենց սեփական անդամներին, այլ ոչ թե սփյուռքահայության մեծամասնությանը, քանի որ հայերի մեծ մասը որևէ կազմակերպության անդամ չէ: Նաև լավ գաղափար չէ Հայաստանում ունենալ երկու օրենսդիր պալատ, որոնցից մեկն ընտրված է Հայաստանի քաղաքացիների կողմից (ներկայիս խորհրդարանը), իսկ երկրորդը կազմված կլինի նշանակված, չընտրված անդամներից:

4)    Ինչպիսի՞ն կլինեն թեկնածուների և ընտրողների չափանիշները Սփյուռքի պալատի համար: Արդյոք ընդունելի՞ կլինի, որ թեկնածուծները լինեն այն հայերը, որոնք օտարերկրյա երկրների քաղաքացիներ են, թե՞ պետք է խնդրել, որ նրանք ձեռք բերեն առնվազն երկքաղաքացիություն: Հակառակ դեպքում, տարօրինակ կլինի, որ մի խումբ օտարերկրյա քաղաքացիներ, թեկուզ հայեր, Երևանում նստած որոշումներ կայացնեն կամ խորհուրդներ տան, որոնք կարող են ազդել Հայաստանի բնակչության վրա:

5)    Արդյոք նոր օրենսդիր մարմնի սփյուռքյան ներկայացուցիչները պե՞տք է տեղափոխվեն Հայաստան տարեկան նստաշրջաններին մասնակցելու համար, թե՞ ընդամենը կարող են Հայաստան գալ  կարճ ժամկետով՝ մասնակցելու ժողովներին, որտեղ քննարկվելու են համահայկական հարցեր:

Իհարկե, պետք չէ շտապել երկրորդ օրենսդիր մարմնի ձևավորման հարցում: Ինչպես նախարար Հայրապետյանն առաջարկեց՝ Հայաստանում և Սփյուռքում պետք է անցկացվեն բազմակողմանի խորհրդակցություններ՝ գտնելու մի այնպիսի լուծում, որը կբխի համայն հայության շահերից:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ