Շնորհավոր, արժանի հերոս
Այսօր Արցախի հերոս, ազատամարտիկ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, այժմ ԴՕՍԱԱՖ-ի պետ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ծննդյան օրն է: Տեր-Թադևոսյանը պատկանում է այն խորհդային սպաների թվին, որոնք Արցախյան պատերազմի սկզբից գլխավորեցին հայկական ջոկատների պայքարը։ Ազատամարտի ընթացքում նրա ամենավառ հաղթանակն է համարվում Շուշիի ազատագրումը, որը ունեցավ մեծ հոգեբանական և ռազմավարական ազդեցություն պայքարի հետագա ընթացքի վրա։
Արկադի Տեր-Թադևոսյան ծնվել է 1939-ի մայիսի 22-ին, Թբիլիսիում։ Ավարտել է զինվորական ուսումնարան Բաքվում, այնուհետև Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ Ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում, այնուհետև 1987 թվականից Հայաստանում։
1988 թվականից միացել է Ղարաբաղի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարության տակ փայլուն օպերացիայի շնորհիվ թշնամուց ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան): 1992 թվականի մայիսին նախապատրաստել և փայլուն ձևով իրականացրել է Շուշի քաղաքի ազատագրումը («Հարսանիք լեռներում» օպերացիա), որը համարվում էր ադրբեջանական զորամիավորումների կողմից վերահսկվող ամենաանառիկ բարձունքներից մեկը, և որտեղից ամիսներ շարունակ ռմբակոծվում էր Ստեփանակերտը։
Պարգևատրվել է առաջին աստիճանի Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ շքանշանով։ Տեր-Թադևոսյանը իր ռազմական, ինչպես նաև մարդկային բարձր որակների շնորհիվ համարվում է Հայաստանի հետխորհրդային իրականության ամենաարժանավոր ռազմական գործիչներից մեկը։