Արտահերթ ընտրությունների հասնելու ճանապարհը. Ժողովուրդ
Օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամին, երբ խորհրդարանական մեծամասնությունը, ըստ այդմ նաեւ օրենսդիր իշխանության ղեկավար կազմն իրեն ընդդիմադիր հայտարարած ՀՀԿ-ի ձեռքում է: Իսկ գործադիր իշխանությունը ղեկավարում է խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչը՝ Նիկոլ Փաշինյանը, որին սակայն, աջակցում է ժողովուրդը:
Հիմա ստեղծված իրավիճակը կարող է հանգուցալուծվել միայն Աժ արտահերթ ընտրությունների միջոցով: Միայն թե, ՀՀԿ-ն ամեն կերպ փորձում է խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը: Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իրենք քննարկելու են Հայաստանում Աժ արտահերթ ընտրությունների անցկացման հարցը: «Կքննարկենք, կարծում եմ, որ այս տարի»,- ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ նշել է նա:
Նոր Սահմանադրությամբ բավական խճճված ու բարդացված են խորհրդարանը լուծարելու եւ Աժ արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունները: Բայց այնուամենայնիվ, կան սահմանադրական հնարավորություններ՝ իրագործելու այս նպատակը: Օրաթերթը պարզեց, որ Սահմանադրության 92-րդ հոդվածը, որն ամրագրում է Աժ արտահերթ ընտրության կարգը, խորհրդարանի կողմից փոփոխման ենթակա դրույթների թվին է պատկանում:
Այսինքն՝ Սահմանադրության այդ հոդվածը կարող է փոփոխվել եւ Աժ արտահերթ ընտրությունների անցկացման հիմքեր կարող են ստեղծվել հենց Աժ պատգամավորների նախաձեռնությամբ: Բայց այդ փոփոխությունները կարող են իրականացվել Աժ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով՝ 70 ձայնով: Այստեղ, իհարկե, կա որոշակի դժվարություն, քանի որ խորհրդարանական երեք՝ Ծառուկյան, Ելք, ՀՅԴ խմբակցություններն ունեն 48 պատգամավոր, եւ անհրաժեշտ է եւս 22 ՀՀԿ-ականի աջակցություն: Սի նպատակ, որին հեշտ չէ հասնել:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: