Թուրքիայում ընդառաջ են գալիս Փաշինյանին
Անկարայի «Hilton» հյուրանոցում կայացել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) ժողովը, որի ընթացքում հրապարակվել է կուսակցության նախընտրական ծրագիրը։ Այն կյանքի կկոչվի, եթե HDP-ն հաղթի հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Վերոնշյալ ծրագրի հեղինակն է Սելահհաթթին Դեմիրթաշը, ով հանդիսանում է HDP-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու։
Նա այժմ բանտում է։ Ծրագրում խոսվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունում իրականացվելիք քայլերի և փոփոխությունների մասին։ Արտաքին քաղաքականության վերաբերյալ հատվածում խոսվում է նաև հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի մասին: «Հայաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական արգելքը (էմբարգո) վերացվելու է, տնտեսական ոլորտում իրականացվելու են անհրաժեշտ քայլեր, զարգացվելու են քաղաքական և դիվանագիտական հարաբերությունները։ Թուրքիայի կողմից միակողմանի փակված հայ-թուրքական սահմանը բացելու ենք առանց նախապայմանների։ Աջակցելու ենք Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը միտված ջանքերին»,-ասված է ծրագրում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:
Հիշեցնենք, նախօրեին Արցախում նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ հայտարարել էր, թե Հայաստանն այսօր էլ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն` առանց նախապայմանների։