Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպանին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ-Էնեզիին:
Հանրապետության նախագահը կարևորել է Քուվեյթի հետ բարիդրացիական եղբայրական հարաբերությունները և դրանց հետագա զարգացումն ու ամրապնդումը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Քուվեյթի Պետության ղեկավարությանը` հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:
Քուվեյթի դեսպանը նույնպես բարձր է գնահատել հայ-քուվեյթյան հարաբերությունների ներկայիս մակարդակը և փոխանցել է Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի ջերմ ողջույնները և վերջինիս հրավերը՝ պաշտոնական այց կատարելու Քուվեյթի Պետություն:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական կապերն ակտիվացնելու հնարավորությունները՝ մասնավորապես բանկային, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ: