Հիասթափության պարագայում ողջ պատասխանատվությունը ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա
«Օսիպյանի նշանակումը` սխալ նշանակում է: Սա իմ անձնական կարծիքն է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակմանը, ասաց ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:
Ավետիսյանի խոսքով` ժամանակը ամեն բան կդնի իր տեղը, իսկ հիասթափության պարագայում ողջ պատասխանատվությունը ընկնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա:
Վոլոդյա Ավետիսյանը ևս մեկ անգամ կոչ արեց ՀՀ վարչապետին.«Պաշտոնները նշանակելուց հաշվի առեք, որ կադրերը լավ անցյալ ունենան և հասարակության կողմից վարկաբեկված չլինեն: Շատ կարևոր է, որ նա հասկանա, իր հզորությունը միայն արդար մոտեցումների մեջ է, իսկ հասարակությանը հիմա չի կարելի հիասթափեցնել»:
Անդրադառնալով քաղբանտարկյալներին շուտափույթ ազատ արձակելու պահանջին Վոլոդյա Ավետիսյանը ասաց.«Խոստացել են, որ այս հարցին լուծում կտրվի, բայց իրավական ընթացակարգով: Դրա համար ժամանակ է հարկավոր ու մենք կսպասենք: Հավատում ենք ու խնդիր չեմ տեսնում: Մեզ համար կարևոր է, որ ժամ առաջ ազատ արձակվեն քաղբանտարկյալները, սակայն թող չխախտվի նաև օրենքը: Ես կոչ եմ անում, որ ընդհանուր համաներում լինի, քանի որ անարդարադատության պայմաններում բազմաթիվ մարդիկ սխալ են դատվել: Բանտերում այսօր շուրջ 4 000 դատապարտյալ կա, կարծում եմ նրանցից մի մասի գործերը պետք է վերանայվեն»,-եզրափակեց Վոլոդյա Ավետիսյանը: