«Հայաստանը՝ հակամարտող կողմ» ձևակերպումը կարող է օգտագործվել Ադրբեջանի կողմից. Ռուբեն Հակոբյանը բաց նամակ է հղել վարչապետին
Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարություն-բաց նամակ է տարածել՝ ուղղված ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նա ողջունում է Փաշինյանի՝ Արցախին բանակցային սեղան վերադարձնելու մոտեցումը, ինչպես նաև խորհուրդ է տալիս չշտապել առաջարկություններով և նախապայմաններով հանդես գալ Արցախյան հակամարտության հարցի հետ կապված:
Ռուբեն Հակոբյանի բաց նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
«Հարգելի՛ վարչապետ, մայիսի 9-ին Արցախում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեցիք, որ Հայաստանը արցախյան հակամարտությունում հակամարտող կողմ է… Դիվանագիտորեն բավականին խոցելի ձևակերպում, ինչը, կարծում եմ, առաջիկայում միջազգային կառույցներում կարող է նորից օգտագործվել Ադրբեջանի և իր հիմնական դաշնակցի կողմից:
Ադրբեջանա-թուրքական տանդեմը միջազգային ամբիոններում միշտ ձգտել է Հայաստանը ներկայացնել որպես հակամարտող կողմ` դրանով իսկ արցախյան հակամարտությունը փորձելով ներկայացնել որպես Հայաստանի կողմից հողային պահանջ: Հայկական դիվանագիտությունը մինչ այժմ կարողացել է հակադարձել այդ «մեղադրանքին»` ներկայանալով ընդամենը որպես բանակցային կողմ: Հայաստանը հակամարտող կողմ չէ, նա պարտադրված է պաշտպանել իր հայրենակիցների կյանքն ու իրավունքները` ինչը մինչ այժմ հայկական կողմը կարողացել է մատուցել հակամարտությամբ զբաղվող կառույցներին: Եթե Հայաստանն ինքն իրեն ճանաչի հակամարտող կողմ, արցախյան հակամարտության բնույթը ամբողջությամբ կարող է փոխվել` ի նպաստ Ադրբեջանից «հողային պահանջ» թեզին:
Ողջունում եմ մոտեցումդ, որ առանց հակամարտության իրական կողմի` Արցախի մասնակցության, որևէ բանակցային ձևաչափից չի կարելի դրական արդյունք ակնկալել: Համաձայն եմ` այն պետք է դառնա առաջիկա բանակցային գործընթացի հիմնական մեխերից մեկը: Ենթադրում եմ նաև, որ արդեն մշակված է դիվանագիտական այն գործիքակազմը, ինչի միջոցով պետք է պայքարել Արցախը նորից բանակցային ձևաչափ վերադարձնելու համար: Այլապես` բազմիցս հայտարարվել է այս մասին` առանց հստակ գործիքակազմի ու ճանապարհային քարտեզի:
Չեմ կարող մեկ անգամ ևս չհիշեցնել, որ, ցավոք, սա այն խնդիրն է, ինչը մենք ենք ներքաղաքական այսրոպեական հարցեր լուծելու համար «պարգևել» մեզ: Այս հարցին բազմիցս եմ անդրադարձել:
Ասուլիսում կան նաև այլ նուրբ պահեր և արտահայտություններ, որոնք կարող են վաղը բանակցությունների ժամանակ կաշկանդել մեր դիվանագիտությանը:
Բարեկամաբար խորհուրդ կտայի չշտապել առաջարկություններ և նախապայմաններով կատեգորիկ հայտարարություններ անել արցախյան` չափազանց նուրբ և բարդ հակամարտության հարցերով: Զբաղվածությանդ չափը հասկանալով հանդերձ, այդուհանդերձ, կհորդորեի մանրամասն ծանոթանալ բանակցային ամբողջ գործընթացին, ինչը կարող է շահեկան, լիարժեք և ամբողջական լինել, եթե դրան մասնակցեն նաև բանակցային գործընթացների անմիջական մասնակիցները` նաև նախկինում: