Գլուխ եմ խոնարհում այն հազարավոր հերոսների հիշատակի առջև, որոնք իրենց կյանքը նվիրեցին ազատությանը. Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Ուղերձում, մանսավորապես, նշվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի ու Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ:
Այս պահին ես հատկապես մտածում եմ Երկրորդ աշխարհամարտի փառապանծ վետերանների մասին, նրանց՝ որոնք, ի ուրախություն բոլորիս, այսօր մեր շարքերում են, և որոնց ես մաղթում եմ քաջառողջություն և երկար տարիների կյանք:
Նրանք մեզ են փոխանցում պայքարի ոգին և հաղթանակի բերկրանքը:
Մտածում են նաև բոլոր նրանց մասին՝ մեր ծնողների և պապերի, որոնք իրենց ուսերի վրա կրեցին պատերազմի դաժանություններն ու ծանրությունները. բլոկադա, սով, գերություն, համակենտրոնացման ճամբարներ ու գուլագ, որբություն ու անապաստանություն: Նրանք մեզ սովորեցրին տոկալ, հուսալ և վերապրել:
Գլուխ եմ խոնարհում այն հազարավոր հերոսների հիշատակի առջև, որոնք իրենց կյանքը նվիրեցին ազատությանը: Ցեղասպանությունից դեռևս արնածոր հայ ժողովուրդը մեծ գին վճարեց ֆաշիզմի դեմ պայքարում, որի զավակներն իրենց փառքով պսակեցին բոլոր ճակատներում:
Այդ հերոսների օրինակով դաստիարակվել են բազմաթիվ սերունդներ: Հենց այդ հերոսների ժառանգներն էին, որոնք տասնամյակներ անց հանուն ազատության մարտի ելան և ազատագրեցին Շուշին՝ կերտելով մեր նորօրյա հաղթանակները:
Քաջության, հերոսության և հանուն Հայրենիքի ինքնազոհության այդ ոգին այսօր ամուր նստած է Հայրենիքի պաշտպանի՝ հայ զինվորի մեջ: Այդ նա էր՝ հաղթական զինվորը, որ 2016-ի ապրիլին անօրինակ սխրանքով պաշտպանեց հող հայրենին:
Եվ այսօր մեր պայծառ պատանիներն ու երիտասարդներն են կանգնել հերթափոխի, ստեղծարար եռանդով, նպատակասլացությամբ և հայրենասիրությամբ լծվել Հայրենիքի վերաշինման գործին:
Փառք ու պատիվ բոլոր քաջերին և հավերժ հիշատակ հանուն Հայրենիքի ընկածներին»: