Գարնանը Երեւանում տեղի կունենա կայուն հանքարդյունաբերության հարցերին նվիրված համաժողով
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ժան-Միշել Հափիին, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին, ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին եւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսին: Հանդիպման նպատակն էր՝ քննարկել այս երկրների եւ ՀԲ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ 2014 թ. գարնանը Երեւանում անցկացվելիք կայուն հանքարդյունաբերությանը նվիրված համաժողովին վերաբերող հարցեր:
ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրենի խոսքով՝ համաժողովի անցկացումը պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտում աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններով. ընդունվել է «Ընդերքի մասին» ՀՀ նոր օրենսգիրք, այժմ Ազգային ժողովում է գտնվում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին” ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաեւ հանքարդյունաբերող ընկերությունների կողմից մեր երկրի նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրությամբ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար, ընդունել հրավերը եւ հայտնել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ որպես համահովանավոր աջակցել միջոցառման կազմակերպմանը: Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ համաժողովը թույլ կտա ներկայացնել Հայաստանի ներդրումային միջավայրը միջազգային ասպարեզում եւ մասնավոր ներդրումներ ներգրավել հանքահումքային արդյունաբերությունում:
Այն, մասնավորապես, պետք է անցկացվի ՀՀ կառավարության որդեգրած կանաչ տնտեսության եւ կայուն զարգացման սկզբունքների տրամաբանության շրջանակում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների, ՀՀ բնապահպանության եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին՝ միջոցառման կազմակերպիչների հետ քննարկել եւ նախապատրաստել կոնֆերանսի օրակարգը:
Իրենց խոսքում Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ դեսպաններն ընդգծել են, որ համաժողովն, ըստ էության, երկակի ուղղվածություն ունի՝ քննարկումներում ներգրավել եւ´ ոլորտի միջազգային ընկերություններին, եւ´ Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններին ու քաղաքացիական հասարակությանը:
Այս մոտեցումը հնարավորություն կտա երկխոսության դաշտ ձեւավորել եւ հասկանալ, թե ինչպես կարելի է երկուստեք շահավետ կազմակերպել հանքարդյունահանումը:
Նրանք տեղեկացրել են, որ կոնֆերանսի կազմակերպմանն աջակցում են նաեւ Եվրոպայի վերակառուցման եւ զարգացման բանկը (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Հայկական զարգացման բանկը (ADB), Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (OSCE), Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում գործող երեք խոշորագույն ընկերությունները եւ ոչ կառավարական կազմակերպությունները:
Այն նախատեսվում է անցկացնել երկու օր՝ շուրջ 70 միջազգային լավագույն փորձագետների, առաջատար ընկերությունների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ: